Իլիայի համալսարանը մտահոգ է «Վրացական երազանք»-ի որոշման պատճառով

Թբիլիսիի Իլիայի պետական ​​համալսարանի գիտական ​​խորհուրդը հակիրճ հայտարարությամբ արձագանքել է Վրաստանի իշխանությունների՝ եվրաինտեգրման գործընթացը մինչև 2028 թվականը կասեցնելու որոշմանը։

«Մենք մտահոգված ենք Վրաստանի եվրոպական հեռանկարի մերժմամբ: Մենք ակադեմիական հանրության պարտքն ենք համարում պաշտպանել երկրի եվրոպական ապագան»,- ասվում է համալսարանի նոյեմբերի 29-ի առավոտյան տարածած հայտարարության մեջ։

Ներկա քաղաքական գործընթացների ֆոնին Կովկասի համալսարանը և Վրաստանի համալսարանը դադարեցրել են ուսումնական գործընթացը։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 28-ի երեկոյան  հայտնեց եվրաինտեգրման գործընթացը կասեցնելու որոշման մասին։ Նրա հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվել են ինչպես Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, այնպես էլ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Գորիում։

Թբիլիսիում ոստիկանությունը կեսգիշերից հետո սկսել է բռնի կերպով ցրել ցույցը: Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ, պղպեղի սփրեյ և արցունքաբեր գազ։ Հանրահավաքի մասնակիցներից 43-ը բերման է ենթարկվել, 22 լրագրող ֆիզիկական բռնության զոհ է դարձել։ 

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամաձայնել «Վրացական երազանք»-ի որոշման հետ: