Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին լրագրողներին իր շփոթմունքն է հայտնել երեկվա՝ իշխանության կողմից արված հայտարարության վերաբերյալ:
«Այսօր մենք բոլորս արթնացանք բոլորովին նոր իրականության մեջ: Անձամբ ինձ համար իսկապես ցավալի է: Հիշում եմ, երկու տարի առաջ Եվրահանձնաժողովի նախագահը հրապարակավ հայտարարեց. «Վրաստանը պատկանում է Եվրամիությանը, Եվրամիությունը ամբողջական չի լինի առանց Վրաստանի»։ Ես հպարտ էի, որ Եվրամիությունը բացեց իր դռները Վրաստանի առաջ, մենք Վրաստանին տվեցինք Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ»,-ընդգծում է դեսպանը:
Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ակնհայտորեն հակասում է Վրաստանի նախորդ և նախկին բոլոր կառավարությունների քաղաքականությանը:
«Դա հակասում է նաև Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության ցանկությանը։ Բայց, իհարկե, Վրաստանն անկախ, ինքնիշխան երկիր է, ինքնուրույն պետք է որոշի՝ արդյոք ցանկանում է գնալ եվրաինտեգրման ճանապարհով»,- ասել է Հերչենսկին։
Հիշեցնենք․ երեկվա ինքնաբուխ ակցիան սկսվել էր վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո, թե Թբիլիսին օրակարգից մինչև 2028 թվականը հանում է եվրանդամակցության հարցը։
Հարյուրավոր քաղաքացիներ էին դուրս եկել Թբիլիսիի փողոցներ, ցուցարարներին միացել էր նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։