Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA) կոչ է անում ՆԳՆ-ին հրապարակել ակցիան ցրելիս կիրառած միջոցները, որպեսզի բուժանձնակազմը հնարավորություն ունենա օպերատիվ արձագանքել տուժածների վիճակին:
«Ռուսթավելիի պողոտայում շարունակվող բողոքի ցույցերը ցրելն իրականացվում է անօրինական և անհամաչափ ուժի կիրառմամբ։ Ապացույցները վկայում են հատուկ միջոցների օգտագործման ստանդարտների խախտումների մասին, այդ թվում՝ դեմքին ուղղված պղպեղի սփրեյի և ջրի շիթերում արցունքաբեր գազ օգտագործելու մասին», — նշված է GYLA-ի հայտարարության մեջ:
GYLA-ն նշում է, որ ըստ Amnesty International-ի, արցունքաբեր գազը ջրի շիթերի հետ խառնելը պետք է արգելվի։
Հիշեցնենք․ ինքնաբուխ ակցիան սկսվել էր վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո, թե Թբիլիսին օրակարգից մինչև 2028 թվականը հանում է եվրանդամակցության հարցը։
Հանրահավաքի մասնակիցները երերկ երկոյան հավաքվել էին «Վրացական երազանքի» գրասենյակի մոտ, այնուհետև շարժվել Ռուսթավելի պողոտա։ Ժամը 02։00-ի սահմաններում ցուցարարներին զգուշացնելուց հետո ոստիկանները սկսել են բռնի ուժով ցրել հանրահավաքը։ Հատուկ ջոկատայինները ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, պղպեղի սփրեյ և ռետինե փամփուշտներ են կիրառել ցուցարարների նկատմամաբ։