Լրագրողները՝ թիրախում. հատուկջոկատայինները սաստիկ ծեծի են ենթարկել լրագրողների

Լուսանկարի աղբյուր՝ Publika

Գիշերվա ընթացքում Վրաստանի ռուսացման դեմ խորհրդարանի մոտ տեղի ունեցող խաղաղ ցույցը հատուկջոկատայինները ցրել են կիրառելով ուժ, գազ, ջրցան մեքենա, ռետինե փամփուշտներ: Սև հագուստով ու դիմակներով ոստիկանությունը ծեծի է ենթարկել ցուցարարներին, լրագրողներին, քաղաքական գործիչներին: Ցույցը բռնի կերպով ցրելու կադրերի տարածումից հետո նախագահն ակնկալում է Եվրամիության կոշտ արձագանքը:

Լրագրողներին խանգարել են կատարել սեփական պարտականություններն ու լուսաբանել տեղի ունեցածը: Ծեծի են ենթացրել «Ֆորմուլա» հեռուստաընկերության, «Պուբլիկա» օնլայն հարթակի, «Ռադիո ազատություն» հարթակի, ինչպես նաև մի շարք այլ լրագրողների: Նրանցից ոմանց հիվանդանոց են տեղափոխել մի շարք վնասվածքներով:

Պուբլիկա լրատվամիջոցի լրագրող Ալեքսանդրե Քեշելաշվիլիին ծեծի ենթարկելուց ու տեխնիկան ավիրելուց հետո, ոստիկանությունը բերման է ենթարկել. «Ես ի սկզբանե անընդհատ կրկնում էի, որ լրագրող եմ, բայց կարծում եմ՝ հակառակ ազդեցությունն ունեցավ, անընդհատ հայհոյում էին, հետո լրագրող լինելու համար էլ ավելացրին։ Ինձ տարան «միջանցք», որտեղ հարվածեցին ձեռքերիս ու ոտքերիս՝ հիմնականում դեմքիս»,- ասում է Քեշելաշվիլին։

Նոյեմբերի 28 լույս 29-ի գիշերվա ժամը երկուսից խորհրդարանի մուտքերից մեկի մոտ ՝ Ճիճինաձե փողոցում ոստիկանների և ցուցարարների միջև մի քանի ժամ տևած դիմակայություններից հետո, ՆԳՆ-ն սկսեց ցրել խաղաղ ցույցը։

Մինչ այդ ոստիկանները մի քանի անգամ օգտագործել են պղպեղ սփրեյ, այն բանից հետո, երբ ցուցարարները նրանց վրա ձու, ներկեր և այլ իրեր են նետել։

ՆԳՆ հատուկջոկատայինները կիրառել են ջրցան մեքենա, որի մեջ, ըստ հանրահավաքի մասնակիցների, օգտագործվել է պղպեղի սփրեյ/գազ։ Ցուցարարների արված լուսանկարների համաձայն՝ տեղում կիրառվել են նաև ռետինե փամփուշտներ: Միաժամանակ, ցուցարարները բերման են ենթարկվել: Ոստիկաններն ագրեսիվ են վարվել ինչպես ցուցարարների, այնպես էլ լրագրողների հետ։Նրանք հայհոյել ու վիրավորել են ակտիվիստներին, ֆիզիկական բռնության են ենթարկել նրանց։

Ներքին գործերի նախարարությունն այս պահին բերման ենթարկվածների թվի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի տարածել։

Ծեծի են ենթարկել ու բերման ենթարկել լրագրողներին: Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քննադատել է լրագրողների նկատմամբ ոստիկանության բռնությունները խորհրդարանի մոտ ցույցի ժամանակ։ «Ես կանգնած եմ վրացական լրատվամիջոցների կողքին, որոնց նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվում»,- ասաց նա։

Նոյեմբերի 28-ի երեկոյան բողոքի ինքնաբուխ ակցիային նախորդել էր վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը, թե Վրաստանի կառավարությունը «հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի վերջը»։

Նոյեմբերի 28-ին՝ ԵՄ ինտեգրումը կասեցնելու «Վրացական երազանքի» որոշումից մի քանի ժամ առաջ, Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները կեղծված անվանելով, չճանաչելով դրանց արդյունքները և պահանջելով պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանքի» առաջնորդների նկատմամբ։