Հետընտրական Վրաստանի տնտեսական մտահոգությունները

Ընտրական շրջանում Վրաստանի պահուստների անհամեմատ չափերով սպառումն անհանգստացնում է վրացի տնտեսագետներին։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասում է Փաստերի ստուգման միջազգային ցանցի (Geo Facts) վերլուծաբան Գիորգի Էլիզբարաշվիլին՝ ուշադրությունը բևեռելով հատկապես այն հարցի շուրջ, որ Վրաստանի կենտրոնական բանկը (ԿԲ) միայն խորհրդարանական ընտրությունների ամսում՝ հոկտեմբերին, լարիի փոխարժեքը պահպանելու համար վաճառել է 591,1 մլն դոլար։

Գումարի զգալի մասը՝ 377,7 մլն դոլարը, վաճառվել է առանց աճուրդի, այսինքն՝ վաճառքի ընթացքում տեղեկատվություն չի տարածվել։

Տնտեսագետի խոսքով ընդունված պրակտիկա է՝ պահուստներ ծախսել ցնցումները կլանելու համար, սակայն այս անգամ մասշտաբները առավել քան մեծ էին։ Մինչ այժմ Վրաստանի ԿԲ-ն այս ծավալի պահուստներ չի վաճառել։

«Հոկտեմբերին եղած անորոշությունը (նկատի ունի ընտրական լարված շրջանում տարադրամի տատանումները-հեղ.) բացասական սպասումներ էր առաջացնում։ Տնտեսվարողներն ու ֆիզիկական անձինք իրենց խնայողությունների մի մասը հանեցին աճուրդի, ինչը մեծացրեց դոլարի պահանջարկը, եթե չլիներ պահուստների վաճառքը, փոխարժեքը կփոխվեր՝ իսկ լարին թեև կարճ ժամանակով կարժեզրկվեր։ Հիմնական հարցը, սակայն, այն չէ, որ պահուստները սպառվում են, այլ այն՝ թե ինչ քանակի պահուստներ են սպառվում»,-«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասում է Գիորգի Էլիզբարաշվիլին։

Նրա խոսքով ընտրություններից մեկ ամիս անց դոլարի նկատմամբ փոխարժեքը գրեթե նույնն է, այն ամրապնդվել է եվրոյի և ֆունտի նկատմամբ (դոլարն ամրապնդվել է համաշխարհային մասշտաբով) և արժույթի աճուրդն այլևս չի կայացել։

Կենտրոնական բանկը նոյեմբերի 25-ին հրապարակել է նաև պահուստից առանց աճուրդի վաճառված դոլարի տվյալները։ Մինչ այժմ հայտնի էր աճուրդով վաճառված ընդամենը 213,4 մլն դոլարի մասին։

Անցյալ ամիս ԿԲ-ն դոլարի վաճառքը հիմնավորում էր «արժութային շուկայում ոչ հիմնարար գործոնների և նախընտրական շրջանին ավանդաբար բնորոշ աժիոտաժի կանխումը»։

Տնտեսագիտության դոկտոր՝ Ռամազ Գեռլիանիի խոսքով էլ իրավիճակը կարող է ստեղծված լինել նաև Վրաստանին ուղղված պատժամիջոցների հետևանքով:

«Պահուստային գումարները վաճառվել են այն նպատակով, որպեսզի լարին ամրապնդվի: Սա տեղի է ունենում, քանի որ մենք գիտենք, որ ընտրություններից առաջ և հետո կա լարիի արժեզրկման վտանգ: Պահուստային գումարներն աճուրդի դնելը արհեստականորեն իրավիճակի բալանսի բերելու նպատակով է արվում»,-«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասում է Գեռլիանին:

Նրա խոսքով՝ զարմանալի չէ, որ լարիի արժեզրկումը նաև բացասաբար է ազդում արտահանման վրա: Տնտեսագետը ընդգծում է, որ նման դեպքերում արժեզրկվում է նաև եվրոպական երկրների արտարժույթը՝ միևնույն ժամանակ ամրապնդվում է ռուսականը, նաև թուրքականը: Նրա խոսքով սա լավ անդրադարձ չէ, քանի որ այդ դեպքում երկիրը կախման մեջ է լինում այլ արտարժույթից:

Նշենք՝ ԿԲ-ը 2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում արժութային պահուստները կրճատել է 587,9 մլն դոլարով։

2024 թվականի 10 ամիսների ընթացքում ԿԲ-ն վաճառել է 917 միլիոն, գնել՝ 329 միլիոն դոլար: