Վրաստանի խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեն սահմանադրական փոփոխությունների հարցով հանդիպում է անցկացրել ազգային հարթակի ներկայացուցիչների հետ:
«Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հնարավորություն ունեն դեբատների ընթացքում բարձրացնել սահամանդրական փոփոխությունների նախագծում տեղ գտած բոլոր այն կետերը, որոնք քննադատության են արժանանում»,-հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի ազգային հարթակի ներկայացուցիչ Լաշա Տուղուշին։
Նա նշել է, որ այդ կետերը վերաբերում են խորհրդարանական ընտրություններին ու նախագահին ընտրելու կարգին։
«Պարզ է, որ ոչինչ հաշվի չի առնվելու, սակայն հույս ունեմ, որ նման հանդիպումները կշարունակվեն․Իշխանությունները պետք է ի վերջո լսեն ժողովրդին, հետո միայն վերջնական որոշումներ ընդունեն»,- ասել է Լաշա Տուղուշին:
Տեղեկացնենք՝ ազգային հարթակի կազմում են վրաստանյան մոտ յոթ տասնյակ ՀԿ-ներ։