Ազատության հրապարակում հատուկջոկատայիններ և ջրցան մեքենաներ են մոբիլիզացված

Թբիլիսիի Ազատության հրապարակում հատուկ ջոկատայիններ և ջրցան մեքենաներ են մոբիլիզացված:

Այս պահին Ռուսթավելիի պողոտայից ցուցարարների հոսք է շարժվում դեպի Ազատության հրապարակ։ Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:

Ազատության հրապարակից տարածված կադրերում երևում է, թե ինչպես են ուժայինները վահաններով ու սաղավարտներով պատրաստվում դիմավորել ցույցի մասնակիցներին:

Այս պահին մեծ թվով ոստիկանական ուժեր են մոբիլիզացված Ճիճինաձեի և Ապրիլի 9-ի փողոցներում։ Ժամանակ առ ժամանակ բախումներ են տեղի ունենում իրավապահների և ցույցի մասնակիցների միջև: Ըստ տեղեկությունների՝ ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսթավելիի պողոտայում է: Դիմելով հատուկջոկատայիններին` նա հարցրել է. «Ո՞ւմ եք ծառայում, Վրաստանի՞ն, թե՞ Ռուսաստանին»:

Թբիլիսիում և մի շարք քաղաքներում քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանի չլեգիտիմացված կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը:

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամաձայնել «Վրացական երազանք»-ի որոշման հետ: