Թբիլիսիի խորհրդարանի շենքի հարակից Ճիճինաձեի փողոցում ցուցարարների և իրավապահների միջև բախում է տեղի ունեցել: Ըստ տեղեկությունների՝ ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել:
Տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խմբի փոխանցմամբ՝ Ապրիլի 9-ի փողոցում և Ճիճինաձեի փողոցում մեծ թվով ոստիկանական ուժեր և հատուկջոկատայիններ են մոբիլիզացված։ Ցույցի մասնակիցներին թույլ չեն տալիս ազատ տեղաշարժվել:
Ցուցարարները վանկարկում են` «ռուսնե՛ր, ստրուկնե՛ր» և ձվեր են նետում հատուկջոկատայինների ուղղությամբ:
Միաժամանակ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտարարություն է տարածել և եվրոպամետ հանրահավաքի մասնակիցներին նախազգուշացրել` «բողոքի դուրս գալ օրենքի սահմաններում», հակառակ դեպքում «ապօրինի գործողությանը» կհետևի ոստիկանության համապատասխան իրավական արձագանքը:
Թբիլիսիում և մի շարք քաղաքներում քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանի չլեգիտիմացված կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը:
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։
Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամաձայնել «Վրացական երազանք»-ի որոշման հետ: