Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքականությունը և ասել՝ զարմացած է վերջերս ընդունված օրինագծերի հետ կապված ցուցաբերած խիզախությունից։
«Ինձ զարմացնում է այն համարձակությունը, որով Վրաստանի կառավարությունը պաշտպանում է իր դիրքորոշումը»,- ասել է Պուտինը:
Նոյեմբերի 28-ին Պուտինը կրկնել է իր մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ավելի վաղ արված հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանը, ի տարբերություն Արևմուտքի, չի միջամտում Վրաստանի ներքաղաքական գործընթացներին։
«Պաշտոնական մակարդակով մենք չենք խառնվում ներքաղաքական գործընթացներին, մենք ընդհանրապես չենք պայքարում, ուղղակի չենք դիպչում դրան։ Ինչ վերաբերում է Արևմուտքի միջամտությանը, ապա նույնը չեմ կարող ասել մեր արևմտյան «կոլեգաների» մասին»,- Աստանայում կայացած մամուլի ասուլիսում ասել է Պուտինը:
Միաժամանակ, ՌԴ նախագահը նշել է, որ իրեն զարմացրել է այն «քաջությունը», որով վրացական իշխանությունները պաշտպանել են իրենց դիրքորոշումը «վերջերս ընդունված օրենսդրության» վերաբերյալ։
Մինչ այդ ՌԴ կառավարության ներկայացուցիչները մի քանի անգամ գովել էին Վրաստանի իշխող քաղաքական ուժին՝ «գործակալների օրենք»-ի և ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքի նախագծի ընդունման համար։
Նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցի միջոցով հանրությանը տեղեկացրեց, որ Վրաստանի կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։
Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամաձայնվել «Վրացական երազանք»-ի որոշման հետ:
Վրաստանի մի շարք շրջաններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ բողոքի ցույցեր են ընթանում: Այս պահին Թբիլիսիում ևս ցույցեր են. ցուցարարները հավաքվել են «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ և Ռուսաթավելիի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ: «Ռուսնե՛ր, ստրուկնե՛ր»` վանկարկում են Գորգասլիի փողոցում հավաքված ցուցարարները։ Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:
«Վրացական երազանք»-ը չի ցանկանում ԵՄ-ի հետ բանակցություններ սկսել