Վրաստանի մի շարք շրջաններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ բողոքի ցույցեր են ընթանում:
Քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանի չլեգիտիմացված կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը:
Բողոքի ցույցեր են Քութաիսիում, Զուգդիդիում և Բաթումիում։ Քութաիսիում ընթացող բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է ցույցի կազմակերպիչներից մեկին՝ Միշիկո Մումլաձեին։ Ոստիկանությունը բռնի ուժի կիրառմամբ փորձում է ցրել ցույցերը:
Այս պահին Թբիլիսիում ևս ցույցեր են. ցուցարարները հավաքվել են «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ և Ռուսաթավելիի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ: «Ռուսնե՛ր, ստրուկնե՛ր»` վանկարկում են Գորգասլիի փողոցում հավաքված ցուցարարները։ Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:
Նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցի միջոցով հանրությանը տեղեկացրեց, որ Վրաստանի կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։
Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամաձայնվել «Վրացական երազանք»-ի որոշման հետ:
«Վրացական երազանք»-ը չի ցանկանում ԵՄ-ի հետ բանակցություններ սկսել