ՀԿ-ները կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշման հետ

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անունից Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո, ըստ որի՝ Վրաստանի չլեգիտիմացված կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը, «Վրացական երազանք»-ի գրասենյակում հավաքված վրացական  հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչներն  արտակարգ հայտարարություն են տարածել:

Հայտարարության տեքստում, որը հանրությանը ներկայացրել է բանաստեղծ Ռատի Ամաղլոբելին, նշված է, որ վարչապետի հայտարարությունից հետո վերջնականապես մերժվել է Վրաստանի եվրոպական ապագան և երկրի պատմական ընթացքը:

«Սա Վրաստանի Սահմանադրության դեմ ուղղված քայլ է, որը կոպտորեն խախտում է երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը: Այս որոշումն աննախադեպ դավաճանություն է Վրաստանի պատմության մեջ, որն անուղղելի վնաս կհասցնի ապագա սերունդներին և ծայրահեղ վտանգ է ներկայացնում պետականության համար։ Որպես դրա ապացույց` Վլադիմիր Պուտինն անմիջապես հավանություն է տվել Իրակլի Կոբախիձեի որոշմանը», — նշված է ՀԿ-ների տեքստում:

ՀԿ-ները Վրաստանի քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել կառավարության որոշման հետ. «Վրաստանի քաղաքացիները չպետք է համակերպվեն դրա հետ, մենք պետք է դիմադրենք մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով: Այսօր սկսվում է բոլորովին նոր ճակատամարտ ռուսական ռեժիմի հետ, և մենք պետք է հաղթենք այս ճակատամարտում»:

Հայտարարության հեղինակները Եվրամիությանը կոչ են անում հաշվի չառնել ինքնահռչակ կառավարության հայտարարությունը, որին վրաց ժողովուրդը չի ընտրել. «Եվրամիության հետ բանակցությունները պետք է սկսեն վրաց ժողովուրդը և ժողովրդավարական ճանապարհով ընտրված նրանց կառավարությունը»:

Նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցի միջոցով հանրությանը տեղեկացրեց, որ Վրաստանի կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը։

«Վրացական երազանք»-ը չի ցանկանում ԵՄ-ի հետ բանակցություններ սկսել

Ընդդիմությունը՝ «Վրացական երազանք»-ի որոշման վերաբերյալ