Վրաստանի կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը։ Այս հայտարարությունն իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում արել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք հպարտ և իրեն հարգող ժողովուրդ ենք՝ երկար պատմություն ունեցող։ Ուստի, մեզ համար կտրականապես անընդունելի է Եվրամիությանն ինտեգրվելը որպես ողորմություն, որը մեզ պետք է տա Եվրամիությունը… Մենք տեսնում ենք, որ եվրոպացի քաղաքական գործիչներն ու բյուրոկրատներն օգտագործում են հատկացված դրամաշնորհներն ու վարկերը Վրաստանին շանտաժի ենթարկելու համար», — ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանը պատրաստ չի լինի Եվրամիության հետ բանակցությունների բացման հարցը բարձրացնել մինչև 2028 թվականի ավարտը։
«Այսօր մենք որոշեցինք Եվրամիության հետ բանակցությունների բացման հարցն օրակարգ չբերել մինչև 2028 թվականի վերջը։ Նաև մինչև 2028 թվականի ավարտը մենք հրաժարվում ենք Եվրամիության տրամադրած ցանկացած բյուջետային դրամաշնորհից։ 2028 թվականի վերջն այն ժամանակն է, երբ Վրաստանը պատրաստ կլինի տնտեսական տեսակետից պատշաճ կերպով պատրաստվել 2030 թվականին Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների մեկնարկին։
Մենք մտադիր ենք ոչ թե մուրացկանությամբ ու մեկ ոտքի վրա կանգնելով անդամակցել Եվրամիությանը, այլ արժանապատիվ կերպով անդամակցել Եվրամիությանը՝ առողջ ժողովրդավարական համակարգով և հզոր տնտեսությամբ»,- ասել է Կոբախիձեն։
Մինչ վարչապետ Կոբախիձեի այս հայտարարությունը՝ Եվրամիության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը դադարեցված է։ Եվրամիությունը կասեցրել է նաև Վրաստանի կառավարությանը հատկացվող բյուջետային օգնության մեծ մասը։ Պատճառը «գործակալների» ու մյուս հակաժողովրդավարական օրենքներն են: