Ադրբեջանցի լրագրող, Azel.TV-ի գլխավոր խմբագիր Աֆգան Սադիգովը կարտահանձնվի Ադրբեջանին: Այս որոշումն այսօր կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Արսեն Կալատոզիշվիլին:
Դատավորը հաշվի չի առել Ադրբեջանում Սադիգովի նկատմամբ հետապնդումների մասին պաշտպանող կողմի փաստարկները: Ադրբեջանցի լրագրողն արդեն 69-րդ օրը հացադուլ է անում ի նշան բողոքի։ Առողջական ծանր վիճակի պատճառով նա տեղափոխվել է քրեակատարողական ծառայության կլինիկա։ Սադիգովին դատարան են տարել անվասայլակով։
Փաստաբանները 7-օրյա ժամկետ ունեն Թբիլիսիի քաղաքային դատարանում կայացված որոշումը բողոքարկելու համար։ Այս դեպքում գործը կքննի Գերագույն դատարանը։ «Սոցիալական արդարադատության կենտրոն»-ի իրավաբան Քեթի Չութլաշվիլիի խոսքով՝ եթե Գերագույն դատարանը չբավարարի պահանջը, ապա արդարադատության նախարարն իրավունք ունի կասեցնելու արտահանձնման որոշումը։
Թբիլիսիի քաղաքային դատարանը նաև հրաժարվել է միջազգային ապաստան տրամադրել Սադիգովին։ Փաստաբանները պատրաստվում են որոշումը բողոքարկել Վերաքննիչ դատարան։
Ադրբեջանական Azel.Tv լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Աֆգան Սադիգովը ձերբակալվել է օգոստոսի 3-ին Թբիլիսիում։ Նա Վրաստան է ժամանել 2023 թվականի դեկտեմբերին և պատրաստվում էր լքել երկիրը ձերբակալությունից երկու շաբաթ առաջ, սակայն օդանավակայանում նրան թույլ չտվեցին։
Օգոստոսի 4-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Սադիգովին դատապարտել է եռամսյա արտահանձնման կալանքի, իսկ նոյեմբերի 1-ին ժամկետը երկարացրել է երեք ամսով։