Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի «խորհրդարանը» արտահերթ «նախագահական» ընտրություններ է նշանակել 2025 թվականի փետրվարի 15-ին։ Դե ֆակտո խորհրդարանի նիստում հայտարարվել է, որ «ընտրությունների» անցկացումը կարժենա 20-25 մլն ռուբլի։
Ասլան Բժանիան նոյեմբերի 19-ին լքել է «նախագահի» պաշտոնը և մեկնել Մոսկվա։ Բժանիային ժամանակավորապես փոխարինել է դե ֆակտո փոխնախագահ Բադրա Գունբան։
Աբխազիայի «Սահմանադրության» համաձայն՝ ընտրությունները պետք է անցկացվեն հրաժարականից հետո` երեք ամսվա ընթացքում։
Բժանիան արդեն հայտարարել է, որ մասնակցելու է «ընտրություններին»։ Ընդդիմադիր թեկնածուների մասին տեղեկություն դեռևս չկա։
Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայում իրավիճակը լարված է նոյեմբերի 15-ից։ Տեղի ընդդիմության ներկայացուցիչներն ու նրանց համախոհները ներխուժել են դե ֆակտո նախագահի նստավայր և դե ֆակտո խորհրդարանի շենք և պահանջել «նախագահ» Ասլան Բժանիայի հրաժարականը։
Նոյեմբերի 15-ին դե ֆակտո խորհրդարանը պետք է քննարկեր Ռուսաստան-Աբխազիա «ներդրումային համաձայնագրի» վավերացման հարցը, ինչն առաջացրեց տեղի ընդդիմության ու հասարակության մի մասի բողոքը։ Այս «համաձայնագիրը» ռուսական ընկերություններին հնարավորություն է ընձեռում ներդրումային ծրագրեր իրականացնելու Աբխազիայում և մի շարք արտոնություններ է տալիս։
Նոյեմբերի 18-ին Աբխազիայի դե ֆակտո կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների միջև սկսվեցին բանակցություններ, որոնք ավարտվեցին նոյեմբերի 19-ին` փոխհամաձայնությամբ։ Բժանիան համաձայնեց հրաժարական տալ, իսկ տեղական ընդդիմությունը լքեց դե ֆակտո կառավարական շենքը։