Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ընդդիմադիր անդամներն այսօր ԵՄ դեսպանատանը հանդիպել են քաղաքականության, տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Անտոնիո Դալ-Բորգոյին։
Հանդիպումը տեղի է ունեցել դռնփակ: ԵՄ դեսպան Պավել Հերչինսկու գրասենյակում էին չորս արևմտամետ քաղաքական միավորումների ներկայացուցիչներ՝ ընտրախախտումների վերաբերյալ ապացույցներով։
Վրացի քաղաքական գործիչները Անտոնիո Դալ-Բորգոյին մանրամասն ներկայացրել են, թե ինչ մեթոդներով ու մեխանիզմներով է իշխող «Վրացական երազանք»-ը գողացել մարդկանց ձայները, ինչպես են կեղծվել ընտրությունները, և որն է ԿԸՀ-ի մեղքը։
Հանդիպումից հետո «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ Գիորգի Սիորիձեն ասել է՝ Եվրամիության դիրքորոշումը շատ հստակ է և միանշանակ. Վրաստանի առաջատար գործընկերն այս ընտրությունները չի համարում այն ստանդարտին համապատասխանող, որը կարող է ունենալ Եվրամիությանն անդամակցել ցանկացող երկիրը։
«Միաժամանակ ասվեց, որ պետական կառույցները ֆինանսավորում չեն ստանա, քանի որ ընտրություններ չեն կայացել։ Ուստի՝ հարցերը վերաբերում էին նրան, թե ինչպես կարելի է քայլեր ձեռնարկել ինչ-որ բան փոխելու, քաղաքացիական սեկտորն ուժեղացնելու համար։ Մեզ հստակ ասացին, որ ավելի շատ ֆինանսավորում է ուղղվելու քաղաքացիական սեկտորի հզորացմանը», — ասել է Սիորիձեն:
Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները ճանաչում է միայն իշխող կուսակցությունը։ ԿԸՀ-ի ներկայացրած նախնական արդյունքներով՝ 11-րդ գումարման խորհրդարանում «Վրացական երազանք»-ն ստացել է 150 մանդատից 89-ը, մինչդեռ չորս ընդդիմադիրներն ունեն ընդհանուր 61 մանդատ։ Ընդդիմությունը պնդում է` ընտրությունները կեղծվել են։
Ընտրական վարչությունը և դատարանը չեն բավարարել հասարակական սեկտորի ներկայացրած բողոքների մեծ մասը։
Միջազգային հանրությունը Թբիլիսիին կոչ է արել օբյեկտիվ հետաքննություն անցկացնել ընտրությունների վիճելի արդյունքների վերաբերյալ՝ ստուգելու համար կեղծիքների հետ կապված «լուրջ կասկածները»։