«Գործակալների մասին» օրենքի նախաձեռնողներից մեկը` նախագահի թեկնածու

«Վրացական երազանք»-ը ներկայացրել է նախագահի իր թեկնածուին՝ նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կղավելաշվիլիին։ Թեկնածուի անունը ճեպազրույցում հայտնել է անձամբ կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։

Կղավելաշվիլին իշխող կուսակցության այն անդամներից է, որոնք պաշտոնապես անջատվեցին «Վրացական երազանք» կուսակցությունից` կազմավորելով «Ժողովրդի ուժը», և աչքի ընկան իրենց կոշտ հակաարևմտյան հայտարարություններով։

Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Կղավելաշվիլին «Վրացական երազանք» կուսակցության ցուցակի 18-րդ համարն էր։

Բիձինա Իվանիշվիլին այսպես է բնութագրել Միխեիլ Կղավելաշվիլիին, որը, «Վրացական երազանք»-ի հիմնադրի որոշմամբ, պետք է դառնա Վրաստանի նախագահ։

Մեջբերումներ.

  1. «Ազնվությունը, արդարությունը, հայրենասիրությունը և ազնվությունը այն հատկանիշներն են, որոնցով աչքի է ընկնում Միխայիլ Կղավելաշվիլին»:
  2. «Բնավորությամբ նա վրացի տղամարդու լավագույն մարմնավորումն է»։
  3. «Նա հրաշալի ամուսին է և չորս երեխաների հայր»։

«Սահմանադրության համակարգված խախտման կոպիտ պրակտիկան և նախագահի կողմից երկրի դավաճանությունը կմնա անցյալում»,- ասել է Իվանիշվիլին։

Խորհրդարանի կայքը չի պատասխանում Միխեիլ Կղավելաշվիլիի կրթության մասին հարցին։ Սյունակը դատարկ է:

Ծննդյան ամսաթիվ–տարեթիվ՝ 22 հուլիսի, 1971 թ.:

Նրա պատգամավորական աշխատանքային պատմությունը սկսվում է 2020 թվականի դեկտեմբերի 11-ից։ Կղավելաշվիլին անցած ընտրություններում խորհրդարան է մտել որպես «Վրացական երազանք»-ի պատգամավոր, այժմ կրկին ունի 11-րդ գումարման խորհրդարանի պատգամավորի կարգավիճակ։

Ինչ կարծիքի են քաղաքագետները և քաղաքական վերլուծաբանները նախագահի թեկնածուի մասին

  1. «Նախագահը Սահմանադրության ոգու, դրանում հռչակված սկզբունքների պաշտպանն է:
  2. Նախագահը միավորող գործիչ է, տարբեր խմբերի միջև փոխզիջումներ փնտրող, արբիտր, բանակցող։
  3. Նախագահն ունի «խոսքի ուժ», իր ելույթներով ու շեշտադրումներով պաշտպանում կամ ստեղծում է տարբեր արժեհամակարգեր, նպաստում քաղաքական մշակույթի ձևավորմանը և այլն», — ասել է քաղաքագետ Լևան Լորթքիփանիձեն և ընդգծել. «Միխեիլ Կղավելաշվիլիի նախագահությունը հարված կլինի Վրաստանի ժողովրդին»:

Քաղաքական վերլուծաբան Գիորգի Մելաշվիլին հետևյալ կերպ է բնութագրում նախագահի թեկնածուին.

«Եթե հիշենք «Վրացական երազանք»-ի նախագահների թեկնածուներին` Գիորգի Մարգվելաշվիլի, Սալոմե Զուրաբիշվիլի, ապա երկուսն էլ քաղաքական գործչի փորձ ունեին, հաջողակ էին քաղաքական ոլորտում, և ահա Կղավելաշվիլին, որը քաղաքական արժեք և փորձ չունի, բայց «Վրացական երազանք»-ի համար վստահելի է: Կղավելաշվիլին ամենաանհաջող քաղաքական նախագծի` «Ժողովրդի ուժ»-ի առաջնորդներից է»:

«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց, որ Կղավելաշվիլիի հնարավոր նախագահությունը բացասական կազդի ինչպես ողջ Վրաստանի, այնպես էլ հատկապես հայ համայնքի իրավունքների պաշտպանության առումով:

«Կղավելաշվիլիին նշանակելով նախագահ` նրանք չեղարկում են նախագահի ինստիտուտը, Կղավելաշվիլին կկատարի ամեն ինչ, ինչ կհրամայի Բիձինա Իվանիշվիլին և դեմ չի գնա նրան, եթե հաշվի առնենք նրա սահմանափակ քաղաքական գիտելիքները, մասնակցությունը քաղաքական գործում», — ասաց Թումասյանը` շարունակելով.

«Էթնիկ փոքրամասնությունները կարող են իրենց պաշտպանված զգալ, եթե երկրում բարձր մակարդակով պաշտպանված են մարդու իրավունքները: Վերջին տարիներին տեսնում ենք, որ «Վրացական երազանք»-ը և «Ժողովրդի ուժը» ակտիվորեն շարժվում են նացիոնալիզմի ուղղությամբ, իսկ Կղավելաշվիլին դրա վառ օրինակն է: Սա շատ մտահոգիչ է և բացասական կազդի էթնիկ փոքրամասնությունների իրավունքների, այդ թվում` նաև այնպիսի կոնկրետ հարցերում, որից մեկն էլ քաղաքացիության հարցն է: Նրանք պոպուլիստական ուժ են ներկայացնում և կարող են շահարկել էթնիկ, կրոնական և այլ հարցեր»:

Կղավելաշվիլին` ԶԼՄ-ների արխիվում

Կղավելաշվիլիի նախագահի թեկնածու դառնալու մասին լուրը տարածվելուն պես` և՛ քաղհասարակությունը, և՛ լրատվամիջոցները սկսեցին հիշել նրա ամենահայտնի հայտարարությունները:

Տարածվեցին հոլովակներ, որոնցում Կղավելաշվիլին հայոյանքներ է հնչեցնում Վրաստանի խորհրդարանի դահլիճում: Սակայն ավելի շատ բացասական արձագանքների արժանացավ Կղավելաշվիլիի այն հայտարարությունը, որտեղ նա նշում  է, որ Վրաստանի նպատակը ԵՄ անդամ դառնալը չէ։ «Եվրամիությունը փոխվում է, և չի կարելի ասել, որ անպայման մեր նպատակն է ԵՄ անդամ դառնալը, նպատակը լավ ապրելն է»,- ասել է նա:

Քաղաքացիության հետ կապված հարցեր` նախագահի իրավասություններից մեկը

Վրաստանի նախագահի իրավասությունների շրջանակը բավականին ընդգրկուն է. կառավարության հավանությամբ նա իրականացնում է ներկայացուցչական լիազորություններ արտաքին հարաբերություններում, բանակցություններ է վարում այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ, կնքում է միջազգային պայմանագրեր, ստանում է այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների դեսպանների և դիվանագիտական ​​այլ ներկայացուցիչների հավատարմագրում, կառավարության առաջարկությամբ նշանակում և ազատում է Վրաստանի դեսպաններին և դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարներին և իրականացնում Սահմանադրությամբ շնորհված այլ իրավասություններ: 

Կան փաստաթղթեր, որոնք նախագահը ստորագրում է առանց վարչապետի համաձայնության, այդ թվում` քաղաքացիության հետ կապված հարցերը:

Վրաստանի քաղաքացիություն ստանալու հարցը երկար ժամանակ է Վրաստանի հայ համայնքի շատ ներկայացուցիչների համար կարևոր և անլուծելի խնդիր է դարձել, իսկ ինչ ակնկալել Կղավելաշվիլիից:

Ինչ ունեցվածքի է տիրապետում Կղավելաշվիլին

Միխեիլ Կղավելաշվիլիի սեփականության վերջին հայտարարագրի համաձայն՝ նա Թբիլիսիի Գաբաշվիլիի փողոցում ունի 88 քմ մակերեսով ավտոտնակ։ Նախորդ հայտարարագրում Միխեիլ Կղավելաշվիլին վկայակոչել է չափահաս Գիորգի Իվանիշվիլիին, որի անունով է գրանցված Թբիլիսիի Ճավճավաձեի 83 հասցեում գտնվող 134 քմ մակերեսով բնակարանը։

Բանկային հաշիվների վերաբերյալ Միխեիլ Կղավելաշվիլին հայտարարագրում նշել է 8 հազար լարի, բանկային հաշիվներին՝ 387 եվրո, իսկ բանկային պարտավորություններից Միխեիլ Կղավելաշվիլին նշել է 2017 թվականին վերցված վարկը՝ 84 հազար լարիի չափով։ Այս վարկի սպասարկման վրա Կղավելաշվիլին անցյալ տարի ծախսել է 22 հազար 829 լարի։

Միխեիլ Կղավելաշվիլին որպես պատգամավոր ստացել է 49 հազար 416 լարի գումար։

Գույքի հայտարարագրում նա նշել է «Գեոմակ» ՍՊԸ-ի 40 տոկոս բաժնեմասը` մանրամասնելով, որ նախորդ տարի ընկերության գործունեությունից չի շահել։

Մարզական կարիերա

Կղավելաշվիլին 1995 թվականին ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստների ցուցակում։

Նա սկսել է խաղալ Թբիլիսիի «Լոկոմոտիվ»-ում, ապա տեղափոխվել է «Դինամո», դարձել Վրաստանի վեցակի չեմպիոն։ 1995 թվականին տեղափոխվել է Վլադիկավկազյան «Սպարտակ-Ալանիա» ակումբ։

1996 թվականին տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»։ Ակումբի Պրեմիեր լիգայից դուրս մնալուց հետո Կղավելաշվիլին պայմանագիր է կնքել շվեյցարական Grasshopper-ի հետ։ Հաջորդ տասը տարիներին խաղացել է Շվեյցարիայի տարբեր ակումբներում։ 2004 թվականի երկրորդ կեսին վեց ամսով պայմանագիր է կնքել «Ալանիա»-ի հետ։