Եվրախորհրդարանի (ԵԽ) բանաձևի վերջնական տարբերակը. այդ տարբերակի համաձայն՝ Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:
Պաշտոնյաների թվում են իշխող կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին, գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, չլեգիտիմացված խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, բոլոր այն անձինք, ովքեր պատասխանատու են Վրաստանում ժողովրդավարության նահանջի, ընտրական օրենսդրության և չափանիշների խախտման համար։
Եվրախորհրդարանի պատգամավորները նաև պնդում են՝ անձնական պատժամիջոցները պետք է տարածվեն քաղաքական դրդապատճառներով որոշումներ կայացնող դատավորների վրա:
Բացի այդ, բանաձևի վերջնական փաստաթղթում, որը պետք է հաստատվի վաղը՝ նոյեմբերի 28-ին, գրված է, որ ԵՄ-ում Իվանիշվիլիի ակտիվները պետք է սառեցվեն՝ Վրաստանում քաղաքական գործընթացի վատթարացման գործում նրա դերի և երկրի սահմանադրորեն հռչակված շահերի դեմ գործելու, այդ թվում՝ երկրում Ռուսաստանի ազդեցության գոտին վերականգնելու ջանքերի համար:
Նշվում է՝ հոկտեմբերի 26-ին կայացած համատարած ընտրակեղծիքները խաթարում են ընտրական գործընթացի ամբողջականությունը, արդյունքների օրինականությունը և հասարակության վստահությունը ցանկացած նոր կառավարության նկատմամբ։
«Հաշվի առնելով, որ քվեարկության օրինականությունը լրջորեն խաթարվել է խախտումների մասշտաբով, միջազգային հանրությունը չպետք է ճանաչի ընտրությունների արդյունքները», — ասված է հայտարարության մեջ։