Նախագահի թեկնածուն՝ առանց բարձրագույն կրթության

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երկրի նախագահի թեկնածու է առաջադրել հակաարևմտյան հռետորաբանությամբ հայտնի, իշխող ուժի արբանյակ հանդիսացող «Ժողովրդի ուժ» շարժման առաջնորդ, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կղավելաշվիլիին:

Կղավելաշվիլին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է 2016 թվականից։ 9-րդ, 10-րդ և 11-րդ գումարումների խորհրդարանում նա ներկայացնում է «Վրացական երազանք»-ը։

Խորհրդարանի կայքում հրապարակված Կղավելաշվիլիի կենսագրության մեջ կրթության մասին դաշտը դատարկ է։ 2022 թվականի հուլիսի 26-ին «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» (IDFI) հասարակական կազմակերպությունը հրապարակային նամակով դիմել էր խորհրդարանին և խնդրել պատգամավորի կրթությունը հաստատող փաստաթղթեր։ Խորհրդարանի կողմից կազմակերպության պատասխանում ասվում է, որ Կղավելաշվիլին իր կրթությունը հաստատող փաստաթղթեր չի ներկայացրել, հետևաբար՝ դրանք իրենց մոտ չեն պահվում։

Մինչ այդ՝ 2015 թվականին, Կղավելաշվիլին, որ այն ժամանակ «Մեր ֆուտբոլը» կազմակերպության հիմնադիրն էր, դիմել էր դատարան, բողոքարկել այն դրույթը, ըստ որի՝ չէր կարող մասնակցել Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահական ընտրություններին․ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պարտավոր էր ունենալ բարձրագույն կրթություն։

Կղավելաշվիլին 2022 թվականի օգոստոսին «Վրացական երազանք»-ի այլ առաջնորդների հետ հիմնադրել է հակաարևմտյան հռետորաբանությամբ հայտնի «Ժողովրդի ուժ» շարժումը. սա այն ժամանակն էր, երբ երկիրը սպասում էր ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակին։ Քառյակի հիմնական խնդիրն էր «հասարակությանը հաղորդել ճշմարտությունը»։ Շարժումն առաջին իսկ օրերից աչքի էր ընկնում իր հակաարևմտյան հռետորաբանությամբ, նույնիսկ Վրաստանում ԱՄՆ դեսպանի վրա հարձակվեցին։

2022 թվականի օգոստոսի 26-ին շարժումը հայտարարություն տարածեց, որում գրված էր, որ Վրաստանի գլխավոր գործընկերոջ՝ ԱՄՆ-ի ղեկավարությունն «ամեն ինչ անում է իշխանությունը տապալելու համար»։

2023 թվականին «Ժողովրդի ուժը» նախաձեռնեց «գործակալների օրենքը», որը հազարավոր քաղաքացիների դուրս բերեց փողոց,  ինչպես ասում են Վրաստանի գործընկերները երկիրը հեռացնելով եվրաինտեգրումից։