Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցությունը չի մասնակցի հաջորդ՝ 6-րդ նախագահի ընտրությանը, ճեպազրույցում հայտարարել է կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։
Գախարիան ընդդիմադիր կուսակցություններին կոչ է արել չմասնակցել նախագահական ընտրություններին։
«Քանի որ խորհրդարանի առաջին նիստն անցել է առանց միջազգային լեգիտիմության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, դեկտեմբերի 29-ին նախագահի երդմնակալությանը չպետք է մասնակցեն ժողովրդավարական աշխարհի ներկայացուցիչները։ Հակառակ դեպքում, Իվանիշվիլին կփորձի դա օգտագործել որպես կեղծված ընտրությունները, անօրինական խորհրդարանը, անօրինական կառավարությունը և անօրինական ընտրված նախագահին լեգիտիմացնելու և ճանաչելու միջոց»,- ասել է Գիորգի Գախարիան։
Վրաստանի չլեգիտիմացված, միակուսակցական խորհրդարանը, որի արդյունքները շեմը հաղթահարած քաղաքական կուսակցություններից ճանաչում է միայն իշխող «Վրացական երազանք»-ը, հաջորդ նախագահական ընտրությունների օր է սահմանել դեկտեմբերի 14-ը: Երդմնակալությունը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 29-ին։
Այս տարի Վրաստանի բնակչությունն առաջին անգամ չի ընտրի Վրաստանի նախագահին ուղղակի ընտրությունների միջոցով։ Փոխարենը` նախագահին կընտրի ընտրական կոլեգիան, որը ներառում է 300 մարդ՝ Վրաստանի խորհրդարանի բոլոր անդամները (150 պատգամավոր), Աբխազիայի Գերագույն խորհրդի բոլոր անդամները (20 պատգամավոր), Աջարիայի Գերագույն խորհրդի բոլոր անդամները ( 21 պատգամավոր) և 109 մարդ քաղաքային խորհուրդներից։
Վրաստանի ապագա նախագահը կընտրվի 5 տարի ժամկետով։ Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի ընտրական կոլեգիայի ոչ պակաս, քան 30 անդամ։ Յուրաքանչյուր պատվիրակ պետք է առաջադրի և քվեարկի միայն մեկ անդամի՝ որպես նախագահի թեկնածու։ Ընտրությունը կանցկացվի խորհրդարանում:
Նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է 200 ձայն։ Եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի 200 ձայն, ապա կանցկացվի երկրորդ փուլ, որին կմասնակցեն լավագույն արդյունք գրանցած երկու թեկնածուները։ Ավելի շատ ձայն հավաքած թեկնածուն կդառնա 6-րդ նախագահը:
Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ժողովրդի կողմից ընտրված վերջին նախագահն է: Նա պաշտոնապես ներկայացվել է որպես «անկախ թեկնածու», չնայած Զուրաբիշվիլիին սատարում էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։