Օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցները համամիտ չեն Իոսելիանիի հայտարարությանը

Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի 30-ից ավելի աշխատակիցներ պնդում են, որ խորհրդարանի պատգամավորների լիազորությունների ճանաչումը կատարվել է երկրի սահմանադրության ու խորհրդարանի կանոնակարգի անտեսմամբ։

Գրասենյակի աշխատակազմի հայտարարությանը նախորդել էր օմբուդսմեն Լևան Իոսելիանիի մեկնաբանությունը. օմբուդսմենն ասել էր. «11-րդ գումարման խորհրդարանը գումարվել է օրինական»:

«Վրաստանի Սահմանադրությունը և Վրաստանի խորհրդարանի կանոնակարգն անթույլատրելի են համարում խորհրդարանի լիազորությունների ճանաչումը, եթե խորհրդարանի անդամների ընտրության օրինականությունը վիճարկվի Սահմանադրական դատարանում… Նոյեմբերի 25-ին, անտեսելով Վրաստանի Սահմանադրությամբ սահմանված և Վրաստանի խորհրդարանի կանոնակարգերը, տեղի ունեցավ Վրաստանի խորհրդարանի այն անդամների լիազորությունների ճանաչումը, որոնց ընտրությունների օրինականության հարցը դատարանը դեռ չի որոշել», — գրված է աշխատողների անունից տարածված հայտարարության մեջ։

Նրանք նշել են՝ իրենց համար ցավալի է, որ հանրային պաշտպանը մասնակցում է նման գործընթացների, ինչը խախտում է սահմանադրական և իրավական կարգն ու վնասում Հանրային պաշտպանի՝ որպես անկախ սահմանադրական մարմնի գործունեությանը և նրա նկատմամբ վստահությանը:

Վրաստանի հանրային պաշտպանն այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողներին տված իր մեկնաբանությունում ասել էր. «Ինձ անհասկանալի է լեգիտիմության հետ կապված ձեր հարցի բովանդակությունը։ Վրաստանի խորհրդարանը միանգամայն օրինական նիստ է անցկացրել՝ համաձայն Սահմանադրության 38-րդ հոդվածի, որտեղ հստակ ասվում է, որ խորհրդարանը հավաքվում է ամփոփիչ արձանագրության հրապարակումից հետո 10 օրվա ընթացքում։ Մնացած բոլոր հոդվածները, մնացած վերապահումները, այդ թվում՝ սահմանադրական հայցը, չեն կարող ավելի գերակա լինել, քան սահմանադրության տեքստը, որտեղ հստակ գրված է, որ խորհրդարանը պետք է հավաքվի 10 օրվա ընթացքում, ինչը եղել է, և որն, իհարկե, լեգիտիմ էր»:

Վրաստանի 11-րդ գումարման նորընտիր չլեգիտիմացված խորհրդարանի առաջին նիստում, որին մասնակցեցին միայն իշխող «Վրացական երազանք»-ի պատգամավորները, լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակվել էր: Խորհրդարանի նիստին զուգահեռ, խորհրդարանի բակում ցույց էր, վանկարկում էին՝ «ռուսնե՛ր, ստրուկներ», շենքի կողային մուտքերի մոտ տեղակայված էին ոստիկաններ և հատուկջոկատայիններ:

Ի վերջո, միակուսակցական XI գումարման չլեգիտիմացված խորհրդարանը ճանաչեց բոլոր 150 պատգամավորների լիազորությունները։ Ընդդիմությունը չի պատրաստվում մտնել խորհրդարան, նրանք դիմել են իրենց մանդատները չեղարկելու պահանջով:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, նախ, խորհրդարանի նիստը հակասահմանադրական որակեց, իսկ ավելի ուշ` օրը «սև երկուշաբթի Վրաստանում»: