Վրաստանի նոր նախագահի ընտրությունը՝ դեկտեմբերի 14-ին

Վրաստանի հաջորդ՝ 6-րդ նախագահի ընտրությունը, հավանաբար, կկայանա դեկտեմբերի 14-ին։ Նորընտիր չլեգտիմացված խորհրդարանը բանաձևի նախագիծը լիագումար նիստում կքվեարկի այսօր՝ նոյեմբերի 26-ին։ Ելնելով այն հանգամանքից, որ խորհրդարանը միակուսակցական է, կարելի է ենթադրել, որ «Վրացական երազանք»-ի չլեգիտիմացված 89 պատգամավորները կողմ կքվեարկեն բանաձևին:

Նախագիծը ներկայացրել է Վրաստանի չլեգտիմացված խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Նրա խոսքով, նույն որոշմամբ դեկտեմբերի 29-ը սահմանվել է երդմնակալության օր։

«Վրաստանի Սահմանադրության համաձայն, երբ խորհրդարանական ընտրությունները համընկնում են նախագահական ընտրություններին, այդ դեպքում նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն (խորհրդարանական ընտրություններից հետո — հեղ.) առավելագույնը 45 օր հետո։ Դրանից բացի, որպեսզի նախագահն ընտրվի 5 տարի ժամկետով, կարևոր է, որ թե՛ ընտրությունները, թե՛ երդմնակալությունը տեղի ունենան այս տարի։ Հակառակ դեպքում սահմանադրության դրույթը, որը վերաբերում է 5 տարի ժամկետին, չի կատարվի, և իրականում կունենանք 6 տարով ընտրված նախագահ»,- ասել է Պապուաշվիլին։

Ի դեպ, այս տարի Վրաստանի բնակչությունն առաջին անգամ չի ընտրի Վրաստանի նախագահին ուղղակի՝ ընտրությունների միջոցով։ Փոխարենը` նախագահին կընտրի ընտրական կոլեգիան, որը ներառում է 300 մարդ՝ Վրաստանի խորհրդարանի բոլոր անդամները (150 պատգամավոր), Աբխազիայի Գերագույն խորհրդի բոլոր անդամները (20 պատգամավոր), Աջարիայի Գերագույն խորհրդի բոլոր անդամները ( 21 պատգամավոր) և 109 մարդ քաղաքային խորհուրդներից։

Վրաստանի ապագա նախագահը կընտրվի 5 տարի ժամկետով։ Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի ընտրական կոլեգիայի ոչ պակաս, քան 30 անդամ։ Յուրաքանչյուր պատվիրակ պետք է առաջադրի և քվեարկի միայն մեկ անդամի՝ որպես նախագահի թեկնածու։ Ընտրությունհ կանցկացվի խորհրդարանում:

Նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է 200 ձայն։ Եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի 200 ձայն, ապա կանցկացվի երկրորդ փուլ, որին կմասնակցեն լավագույն արդյունք գրանցած երկու թեկնածուները։ Ավելի շատ ձայն հավաքած թեկնածուն կդառնա 6-րդ նախագահը:

Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ժողովրդի կողմից ընտրված վերջին նախագահն է: Նա պաշտոնապես ներկայացվել է որպես «անկախ թեկնածու», չնայած Զուրաբիշվիլիին սատարում էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։