Նոյեմբերի 25-ին՝ 11-րդ գումարման չլեգիտիմացված խորհրդարանի անդրանիկ նիստի օրվա ավարտին, հոկտեմբերի 26-ի ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած վրաստանյան ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները հերթական անգամ հայտարարել են՝ մտադիր չեն մտնել այս խորհրդարան:
Նրանք պահանջում են չեղարկել իրենց մանդատները. ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունները համարում է կեղծված և գողացված, իսկ խորհրդարանը՝ ոչ լեգիտիմ։
«Պահանջում եմ անհապաղ դադարեցնել իմ մանդատը»,- ասել է «Միասնություն — Ազգային շարժում» կոալիցիայի անդամ Գիորգի Վաշաձեն նոյեմբերի 25-ին կեսօրից հետո խորհրդարանի շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ և հավելել՝ պատգամավորի կարգավիճակը չեղարկելու մասին դիմումն արդեն էլեկտրոնային փոստով ուղարկվել է խորհրդարան։
Ընտրացուցակները ցրելու և մանդատներից հրաժարվելու մասին խորհրդարանի առջև խոսել են նաև Էլենե Խոշտարիան և Զուրա Ջափարիձեն։ Նրանք, համապատասխանաբար, ներկայացնում են «Դրոա» և «Գիրչի — առավել ազատություն» կուսակցությունները։ Երկու կուսակցություններն էլ հոկտեմբերի 26-ի ընտրություններին մասնակցել են «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորմամբ։
«Կոնկրետ այս պահին «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի անունից ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել, որ այս պահին մեր ներկայացուցիչը գտնվում է ԿԸՀ-ում և, Ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածի երկրորդ պարբերության համաձայն, դիմում է ԿԸՀ-ին, որ մենք ցրում ենք մեր ցուցակները, մենք չենք ճանաչում ընտրությունները, մենք ոչինչ չենք պատրաստվում անել այս խորհրդարանի հետ: Մենք այս խորհրդարանի հետ կապ չենք ունենալու, և մեզանից ոչ ոք ոտք չի դնելու այս խորհրդարան»,- ասել է Խոշտարիան։
Այս կոալիցիայի մեկ այլ առաջնորդ` Նիկա Գվարամիան, Facebook-ում հրապարակել է իր և Նիկա Մելիայի ստորագրած փաստաթղթի տեքստը. նրանք ներկայացնում են «Ախալի» քաղաքական կուսակցությունը։
«Ստեղծված իրավիճակում մենք միանշանակ գործելու ենք միայն ըստ վրաց ժողովրդի և վրաց պետության շահերի: Մենք լիովին բացառում ենք ցանկացած իրավական ձևաչափով համագործակցությունը երկրում ինքնահռչակ իշխանությունը յուրացնողների խմբի հետ: Մենք սա համարում ենք մեղսակցություն ապօրինի և ոչ լեգիտիմ գործընթացներին», — նշել է Գվարամիան:
Նոյեմբերի 25-ին խորհրդարանում տեղի ունեցած նիստին ներկա չէին նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր Գիորգի Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցության անդամները: Խորհրդարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել են նախկին վարչապետ Գիորգի Գախարիան և նրա կուսակցության ներկայացուցիչները։ Այս կուսակցության անդամները, իրենց հայտնի դիրքորոշմամբ՝ նույնպես չեն պատրաստվում խորհրդարան մտնել։ Կուսակցությունը, սակայն, ցուցակները ցրելու մասին հայտարարություն չի արել:
11-րդ գումարման չլեգիտիմացված խորհրդարանն իր առաջին նիստը գումարեց այս խորհրդարանի կասկածելի օրինականության և բողոքի ցույցերի ֆոնին։ Հոկտեմբերի 26-ի ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և քաղհասարակությունն ընտրությունները համարում են կեղծված, իսկ խորհրդարանը՝ ոչ լեգիտիմ։
Վրաստանի նախագահը Սահմանադրական դատարան հայց է ներկայացրել այս խորհրդարանի լեգիտիմության դեմ: Զուրաբիշվիլին բողոքում է սահմանադրական երկու իրավունքների՝ քվեարկության գաղտնիության և ընտրությունների համընդհանուրության խախտման համար։ 30 պատգամավոր դիմել է ՍԴ՝ հոկտեմբերի 26-ի ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու համար։
Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի 86-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի մանդատը չի փոխանցվում այն քաղաքական գործչին, ում ընտրությունը բողոքարկվում է ՍԴ-ում
11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին չեն մասնակցում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները. նրանք չէին հրավիրվել։ Լրատվամիջոցների հասանելիությունը նույնպես սահմանափակ էր: