Այսօր Վրաստանի խորհրդարան այլևս գոյություն չունի, «Վրացական երազանք»-ն անտեսել է Սահմանադրությունը, 11-րդ գումարման չլեգիտիմացված խորհրդարանի առաջին նիստից հետո տեսաուղերձում ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
«Ողջունում եմ Վրաստանի հասարակությանը, որի սիրտն այսօր ցավում է. մենք բոլորս պետք է սրտացավ լինենք, քանի որ այսօր Վրաստանի խորհրդարան այլևս գոյություն չունի, և Վրաստանի խորհրդարանը կամ իշխող թիմն անտեսել է Սահմանադրությունը», — նոյեմբերի 25-ի տեսաուղերձում ասել է նախագահը:
Նախագահը չլեգիտիմացված խորհրդարանում տեղի ունեցածն ամոթալի է որակել: Նախագահն ասել է՝ այսօր հասարակության հիմնական պարտականությունը նախապատրաստվելն է. «Պետք է հույս ունենանք մեր և մեր գործընկերների վրա, ովքեր պատրաստ չեն լքել Վրաստանը: Պետք է հուսալ, որ այս երկրի ապագան մերն է՝ բոլորինը: Ես այստեղ կլինեմ, և միասին կպատրաստվենք նոր ընտրություններին»:
Նախագահը շեշտել է՝ Վրաստանի երիտասարդությունը պետք է պատրաստվի ստանձնելու երկրի ղեկը. «Կարիք կա, որ այս երկրում հայտնվի նոր սերունդ, նոր քաղաքական ուժեր, որովհետև շատ շուտով կգա նոր ընտրությունների ժամանակը, որը պետք է անցկացվի նոր ձևով, ոչ թե Կալանդարիշվիլիի ձևով, այլ ազատ և արդար, և այդ ժամանակն իսկապես կգա»:
11-րդ գումարման չլեգիտիմացված խորհրդարանն իր առաջին նիստը գումարեց այս խորհրդարանի կասկածելի օրինականության և բողոքի ցույցերի ֆոնին։ Հոկտեմբերի 26-ի ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և քաղհասարակությունն ընտրությունները համարում են կեղծված, իսկ խորհրդարանը՝ ոչ լեգիտիմ։
Վրաստանի նախագահը Սահմանադրական դատարան հայց է ներկայացրել այս խորհրդարանի լեգիտիմության դեմ: Զուրաբիշվիլին բողոքում է սահմանադրական երկու իրավունքների՝ քվեարկության գաղտնիության և ընտրությունների համընդհանուրության խախտման համար։ 30 պատգամավոր դիմել է ՍԴ՝ հոկտեմբերի 26-ի ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու համար։
Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի 86-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի մանդատը չի փոխանցվում այն քաղաքական գործչին, ում ընտրությունը բողոքարկվում է ՍԴ-ում
11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին չեն մասնակցում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները. նրանք չէին հրավիրվել։ Լրատվամիջոցների հասանելիությունը նույնպես սահմանափակ էր: