Կոճակ սեղմելու «դասեր» խորհրդարանում

Վրաստանի չլեգիտիմացված 11-րդ գումարման խորհրդարանի նիստի ընթացքում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, պատվավոր նախագահ և օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին կոճակ սեղմել է սովորել:

Իվանիշվիլիին կոճակ սեղմելու «դասեր» են տվել թիմակից ներկա ու նախկին վարչապետեր Իրակլի Կոբախիձեն և Իրակլի Ղարիբաշվիլին:

Միակուսակցական խորհրդարանից համացանցում տարածված տեսանյութերում ակներև է, թե ինչպես է ներկա ու նախկին վարչապետերի մեջտեղում նստած Իվանիշվիլին կոճակ սեղմելու ձևը հարցնում Կոբախիձեին և Ղարիբաշվիլիին:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իվանիշվիլին, ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեն և նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վայր են դրել չլեգիտիմացված խորհրդարանի իրենց պատգամավորական մանդատները։

11-րդ գումարման չլեգիտիմացված խորհրդարանն իր առաջին նիստը գումարեց այս խորհրդարանի կասկածելի օրինականության և բողոքի ցույցերի ֆոնին։ Հոկտեմբերի 26-ի ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և քաղհասարակությունն ընտրությունները համարում են կեղծված, իսկ խորհրդարանը՝ ոչ լեգիտիմ։

Վրաստանի նախագահը Սահմանադրական դատարան հայց է ներկայացրել այս խորհրդարանի լեգիտիմության դեմ: Զուրաբիշվիլին բողոքում է սահմանադրական երկու իրավունքների՝ քվեարկության գաղտնիության և ընտրությունների համընդհանուրության խախտման համար։ 30 պատգամավոր դիմել է ՍԴ՝ հոկտեմբերի 26-ի ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու համար։

Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի 86-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի մանդատը չի փոխանցվում այն ​​քաղաքական գործչին, ում ընտրությունը բողոքարկվում է ՍԴ-ում

Նոյեմբերի 25-ի բողոքի ցույցի մասնակիցներն այս խորհրդարանը համարում են ոչ լեգիտիմ ու ինքնահռչակ։

11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին չեն մասնակցում դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչները. նրանք չեն հրավիրվել։ Լրատվամիջոցների հասանելիությունը նույնպես սահմանափակ է: