Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին, ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեն և նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վայր են դրել չլեգիտիմացված խորհրդարանի իրենց պատգամավորական մանդատները։
Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանք»-ի առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն: Ըստ նրա՝ Իվանիշվիլին, Կոբախիձեն և Ղարիբաշվիլին ձևականորեն էին ընտրացուցակում։
«Այդ մարդիկ (Իվանիշվիլին, Կոբախիձեն և Ղարիբաշվիլին — հեղ.), որքան ես գիտեմ, և դա գաղտնիք չէ, չեն պատրաստվում մնալ խորհրդարանում, նրանք մեր կուսակցության ներկայացուցիչներն ու առաջնորդներն են»,- ասել է Մդինարաձեն։
11-րդ գումարման չլեգիտիմացված խորհրդարանն իր առաջին նիստը գումարեց այս խորհրդարանի կասկածելի օրինականության և բողոքի ցույցերի ֆոնին։ Հոկտեմբերի 26-ի ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և քաղհասարակությունն ընտրությունները համարում են կեղծված, իսկ խորհրդարանը՝ ոչ լեգիտիմ։
Վրաստանի նախագահը Սահմանադրական դատարան հայց է ներկայացրել այս խորհրդարանի լեգիտիմության դեմ: Զուրաբիշվիլին բողոքում է սահմանադրական երկու իրավունքների՝ քվեարկության գաղտնիության և ընտրությունների համընդհանուրության խախտման համար։ 30 պատգամավոր դիմել է ՍԴ՝ հոկտեմբերի 26-ի ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու համար։
Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի 86-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի մանդատը չի փոխանցվում այն քաղաքական գործչին, ում ընտրությունը բողոքարկվում է ՍԴ-ում
Նոյեմբերի 25-ի բողոքի ցույցի մասնակիցներն այս խորհրդարանը համարում են ոչ լեգիտիմ ու ինքնահռչակ։
11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին չեն մասնակցում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները. նրանք չեն հրավիրվել։ Լրատվամիջոցների հասանելիությունը նույնպես սահմանափակ է: