Շալվա Պապուաշվիլին կրկին ընտրվեց Վրաստանի 11-րդ գումարման չլեգիտիմացված խորհրդարանի նախագահ: Չլեգիտիմացված նոր խորհրդարանի առաջին նիստում, որին մասնակցել են միայն իշխող «Վրացական երազանք»-ի պատգամավորները, ընտրվել են նաև երեք փոխանախագահները՝ Գիորգի Վոլսկին, Թեա Ծուլուկիանին և Նինո Ծիլոսանին։
Նոյեմբերի 25-ին նաև Մամուկա Մդինարաձեն քվեարկությամբ «Վրացական երազանք» խմբակցության նախագահ ընտրվեց։
11-րդ գումարման չլեգիտիմացված խորհրդարանն իր առաջին նիստը գումարեց այս խորհրդարանի կասկածելի օրինականության և բողոքի ցույցերի ֆոնին։ Հոկտեմբերի 26-ի ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և քաղհասարակությունն ընտրությունները համարում են կեղծված, իսկ խորհրդարանը՝ ոչ լեգիտիմ։
Վրաստանի նախագահը Սահմանադրական դատարան հայց է ներկայացրել այս խորհրդարանի լեգիտիմության դեմ: Զուրաբիշվիլին բողոքում է սահմանադրական երկու իրավունքների՝ քվեարկության գաղտնիության և ընտրությունների համընդհանուրության խախտման համար։ 30 պատգամավոր դիմել է ՍԴ՝ հոկտեմբերի 26-ի ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու համար։
Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի 86-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի մանդատը չի փոխանցվում այն քաղաքական գործչին, ում ընտրությունը բողոքարկվում է ՍԴ-ում
Նոյեմբերի 25-ի բողոքի ցույցի մասնակիցներն այս խորհրդարանը համարում են ոչ լեգիտիմ ու ինքնահռչակ։
11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին չեն մասնակցում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները. նրանք չեն հրավիրվել։ Լրատվամիջոցների հասանելիությունը նույնպես սահմանափակ է: