XI գումարման խորհրդարանը ճանաչեց բոլոր 150 պատգամավորների լիազորությունները։
Չնայած այն հանգամանքին, որ գրանցվել է «Վրացական երազանք»-ի 89 պատգամավոր, լիազորությունների ճանաչմանը կողմ է արտահայտվել 88 պատգամավոր։ Ըստ օրենսդիր մարմնի մամուլի ծառայության՝ «Վրացական Երազանք»-ի պատգամավոր Գիվի Ճիճինաձեն առողջական վիճակի պատճառով չի կարողացել քվեարկել։
Նիստը բացել է Լադո Կախաձեն՝ XI գումարման խորհրդարանի ամենատարեց պատգամավորը։
Կուսակցություններից ներկա է եղել միայն «Վրացական երազանք»-ը, դահլիճում է եղել նաև Բիձինա Իվանիշվիլին։
Հիշեցնենք` Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X սոցցանցում գրել է, որ Վրաստանի խորհրդարանի նիստը հակասահմանադրական է։
Սահմանադրագետների խոսքով, քանի դեռ հարցը Սահմանադրական դատարանում է, խորհրդարանը չի կարող ճանաչել սեփական իշխանությունը․ ըստ կանոնակարգի՝ հայեցողություն չունի։
Նշենք, Վրաստանի լեգիտիմություն չստացած խորհրդարանի առաջին նիստին ընդառաջ Թբիլիսիում ամեն օր ցույցեր են ընթանում ընդդեմ կեղծված ընտրությունների: