Թբիլիսիում լարված իրավիճակ է. մոբիլիզացվել են հատուկջոկատայիններ

Լուսանկարի հեղինակը՝ Mose

«Ռուսնե՛ր, ստրուկներ». վանկարկում են խորհրդարանի մոտ հավաքված քաղաքացիները` դիմելով «Վրացական երազանք»-ի նախընտրական ցուցակով ընտրված պատգամավորներին, որոնցից մի քանիսն արդեն խորհրդարան են մտել առաջին նիստին մասնակցելու:

«Երազանք»-ի պատգամավորները մեքենայով են մտնում խորհրդարանի բակ, դրսում լարված իրավիճակ է, մեծ թվով հատուկջոկատայիններ են մոբիլիզացված:

Խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարները պնդում են, որ «Վրացական երազանք»-ի իշխանությունը կեղծել է հոկտեմբերի 26-ի ընտրությունները, ուստի իրենք չեն ճանաչում այս ընտրությունների արդյունքները և պահանջում են վերընտրություններ։

Այս պահին հանրահավաքի մասնակիցները հավաքված են ինչպես խորհրդարանի դիմաց՝ Ռուսթավելիի պողոտայում, այնպես էլ Չիտաձեի փողոցի հատվածում և խորհրդարանի հետնամասում՝ Ճիճինաձեի փողոցի անկյունում։

Այսօր՝ ժամը 12:00-ին, կբացվի XI գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանը։ Խորհրդարանի պալատում հավաքվում են «Վրացական երազանք» կուսակցության ընտրացուցակով ընտրված պատգամավորները։

Բացառությամբ «Վրացական երազանք»-ի, անցողիկ շեմը հաղթահարած կուսակցություններից ոչ մեկը չի ճանաչի հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները և չի մտնի խորհրդարան։