Վրաստանի խորհրդարանի նիստը հակասահմանադրական է, X-ում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Նրա խոսքով, ընտրությունների զանգվածային կեղծումը խարխլել է խորհրդարանի լեգիտիմությունը։ Նախագահը ներկայացրել է երեք պատճառ, թե ինչու է Վրաստանի խորհրդարանի նիստը հակասահմանադրական:
- «Ընտրությունների զանգվածային կեղծումը խաթարել է դրա լեգիտիմությունը:
- Ես հրաժարվեցի հրավիրել առաջին նիստը, և սահմանադրությունը որևէ մեկին ինձ փոխարինող չի ճանաչում։
- Իմ բողոքը Սահմանադրական դատարանում (ՍԴ) քննարկման փուլում է»,- գրել է Զուրաբիշվիլին։
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ժամը 12:00-ին նշանակված է նորընտիր չլեգիտիմացված խորհրդարանի առաջին նստաշրջանը, որին զուգահեռ երեկվանից բողոքի ցույցեր են ընթանում օրենսդիր մարմնի մոտ: Քաղաքացիները բողոքում են կեղծված և գողացված ընտրությունների դեմ:
Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանի առաջին նիստը հրավիրում է նախագահը, սակայն Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչել ընտրությունների արդյունքները և դիմել է ՍԴ:
Չնայած դրան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ամփոփիչ արձանագրության հրապարակումից հետո 10-րդ օրը տեղի է ունենում XI գումարման չլեգիտիմացված խորհրդարանի նիստը: Առաջին նիստում կլսվի ԿԸՀ նախագահի հաշվետվությունը, կստեղծվի մանդատային հանձնաժողով, որը պետք է ներկայացնի ընտրված պատգամավորների ցուցակը` լիազորությունը ճանաչելու համար։
Սահմանադրագետների խոսքով, քանի դեռ հարցը Սահմանադրական դատարանում է, խորհրդարանը չի կարող ճանաչել սեփական իշխանությունը․ ըստ կանոնակարգի՝ հայեցողություն չունի։
Նշենք, Վրաստանի լեգիտիմություն չստացած խորհրդարանի առաջին նիստին ընդառաջ Թբիլիսիում ամեն օր ցույցեր են ընթանում՝ բոյկոտելով կեղծված ընտրությունները: