Վրաստանի 11-րդ գումարման նորընտիր չլեգիտիմացված խորհրդարանի առաջին նիստում, որին, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն միայն իշխող «Վրացական երազանք»-ի պատգամավորները, լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակվել է։
Խորհրդարանի որոշմամբ՝ նոյեմբերի 25-ին օրենսդիր մարմնում կաշխատեն միայն հեռուստատեսային լրատվամիջոցները. յուրաքանչյուր հեռարձակող իրավունք կունենա տեղում ունենալու երկու տեսախցիկից ոչ ավելի։ Առցանց լրատվամիջոցներին և մամուլին ընդհանրապես արգելվել է ներկա լինել այդ նիստին: Խորհրդարանը որոշումը պատճառաբանվել է «անվտանգ միջավայր ապահովելու անհրաժեշտությամբ»։ Նոյեմբերի 25-ին խորհրդարանում կգործի անվտանգության դեղին մակարդակը:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ խորհրդարանը սահմանափակում է լրատվամիջոցների աշխատանքն օրենսդիր մարմնում. 2024 թվականի գարնանը «գործակալների օրենք»-ի դեմ ցույցերի ժամանակ մի քանի շաբաթ շարունակ գործում էր «անվտանգության դեղին մակարդակը», ինչը նշանակում է՝ խորհրդարան մուտք գործելու իրավունք ունեին միայն հեռուստատեսային լրատվամիջոցները։
Նշենք, որ այս որոշման ներդրումը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի նախաձեռնությունն էր։ Ըստ այդ որոշման` անվտանգության երեք մակարդակ կա՝ կարմիր, դեղին և կանաչ։ Կանաչ մակարդակի դեպքում խորհրդարանում կարող են աշխատել բոլոր լրագրողները, դեղինի դեպքում՝ ոմանք, կարմիրի դեպքում՝ ոչ մեկը։