Նոյեմբերի 24-ին կայացավ ակադեմիական համայնքի` դասախոսների, պրոֆեսորների և ուսանողների երթը` Իլիայի համալսարանից Թբիլիսիի պետհամալսարան։
«Այս երթը պրոֆեսորները, ուսուցիչները և ուսանողներն են կազմակերպել, որովհետև վտանգի առջև է հայտնվել բոլորիս կրթության հարցը․․․առաջիկայում դեռևս ստույգ ծրագրեր չկան, սակայն մեկ բան ակնհայտ է` պաշտպանելու ենք մեր իրավունքները, շարունակելու ենք պայքարը»,- «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասացերթի կազմակերպիչ երիտասարդներից մեկը։
Ցույցի մեկ այլ մասնակից հույս հայտնեց, որ առաջիկա օրերին նման երթերն ու բողոքի ակցիաները չեն դադարի, որպեսզի բոլորը կարողանան իրենց ազատ կամքն արտահայտել՝ ի ցույց դնելու բողոքի ողջ էությունը։
«Իմ միակ կոչը քաղաքացիների ակտիվ մասնակցությունն է․ մենք պահանջում ենք նոր և արդար ընտրություններ», — ընդգծում է երիտասարդը։
«Գրեթե միշտ` հնարավորության սահմաններում փորձում եմ մասնակցել յուրաքանչյուր երթի և ակցիայի։ Կարծում եմ դա շատ կարևոր է։ Այստեղ կանգնած յուրաքանչյուր քաղաքացի` ուսուցիչ թե ուսանող, իր ապագան պատկերացնում է Եվրոպայում, բնականաբար մեր պահանջն ակնհայտ է։ Վաղը կլինի խորհրդարանի առաջին նիստը, որը կառավարության «ավտոկրատ» ռեժիմի առաջին ցուցիչն է․ դա կվտանգի մեր երկրի ապագան», — ասում է մեկ այլ ցուցարար։
Ակադեմիական հանրությունը իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից նոր ընտրություններից զատ պահանջում է նաև լիարժեք ազատություն տալ կրթական հաստատություններին, անօրինական կալանքից ազատ արձակել Մելիքիշվիլիի պողոտայից բերման ենթարկված ուսանողներին:
Նշենք, որ այսօր Թբիլիսիում նաև կանանց բողոքի ցույց է անցկացվել: