Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը Թբիլիսիում նշվեց ավանդական երթով։ Վրաստանի տարբեր շրջաններից Թբիլիսիի Ազատության հրապարակում հավաքված կանայք երթով շարժվեցին դեպի Սոլոլակի բարձունքում գտնվող նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք»-ի նախագահ Բիձինա Իվանիշվիլիի բիզնես կենտրոն։
Միջոցառման կազմակերպիչները` «Կանանց շարժում», «Սափարի», «Կանայք Վրաստանից» ՀԿ-ները, «Փոփոխությունների համար», «Ուժեղ Վրաստան», «Միասնություն՝ ազգային շարժում», «Վրաստանի համար» կուսակցությունները չեն ճանաչումը մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, պահանջում են նոր ընտրություններ անցկացնել։
Վրացի կանայք բարձրաձայնել են նաև այսօր Վրաստանում իրենց վիճակը՝ նշելով, որ կանայք դարձել են էմիգրանտ․ նրանք գումար աշխատելու համար արտերկրում ավելի շատ են մնում։
Նրանք երթին մասնակցում էին ճամպրուկներով՝ հայտարարելով, որ իշխող ուժը երկրը հասցրել է զանգվազային էմիգրացիայի։
Երթի մասնակիցներին դիմեց քաղաքացիական ակտիվիստ, «Սափարի» միության ղեկավար Բայա Պատարաիան.
«Վաղը սկսվում է ՄԱԿ-ի 16-օրյա արշավը կանանց նկատմամբ բռնության վերացման մասին։ Վաղը, սակայն, մեզանից գողացած ձայների հաշվին խորհրդարանը պատրաստվում է նիստ հրավիրել: Վաղը շատ կարևոր ակցիա է լինելու»։
Պատարաիան կոչ արեց կանանց՝ ակտիվորեն մասնակցել բողոքի ցույցերին։
«Բիձինա Իվանիշվիլին մեզ ասում է, որ ով չի հավանում ավտորիտար Վրաստանը թող գնա, մենք՝ կանայք, ճամպրուկներով կանգնելու ենք Իվանիշվիլիի տան առջև՝ ասելու, որ մնալու ենք հայրենիքում, այսօր նրա գնալու ժամանակն է:
Վրաստանում այս տարի արտագաղթած կանանց թիվն առավել շատ է․ նրանք կարծում են, որ կեղծված ընտրությունների ֆոնին, խարխլված և թուլացած ժողովրդավարության պայմաններում, երկիրը կանգնելու է մեծ մարտահրավերի՝ արտագաղթի նոր և լայնածավալ ալիքի սպառնալիքի առաջ: Թող հասկանա՝ մենք ոչ մի տեղ չենք գնում։ Մենք մնում ենք»,- հավելեց Բայա Պատարաիան։
Երթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են այն վրացի էմիգրանտների հիշատակը, ովքեր կյանքից հեռացել են արտագաղթի պայմաններում:
Ցուցարարներից մեկը դիմելով ոստիկաններին՝ նշեց․
«Այստեղ ոստիկաններ են հավաքված, սակայն դժվարանում են նրանց այդպես անվանել երեկվա սարսափելի դեպքերից հետո, երբ բռնության էին ենթարկում իրենց ազատ խոսքն արտահայտող երիտասարդ աղջիկների։ Այսօր մեր երթը դատապարտում է նման դեպքերը»:
Երթի մասնակիցները ճամպրուկները թողեցին Բիձինա Իվանիշվիլիի բիզնես կենտրոնի մոտ՝ «Բիձինա, գնա՛», «Վրաստանն առանց կարոտի մոր», «Ոչ մի հարկադիր արտագաղթ», «Արտագաղթը ընտրություն չէ» մակագրություններով։ Նրանք վանկարկում էին «Գնա՛, գնա՛»։
Հատկանշական է, որ Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարությամբ է արձագանքել Կանանց նկատմամբ բռնության միջազգային օրվան։ Նա ասել է, որ կարևոր է խախտել լռությունն ու տաբուն, որպեսզի կանայք այլևս վախի մեջ չապրեն։
Նոյեմբերի 24-ին կանանց երթից բացի, անցկացվեց նաև ուսուցիչների և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների երթ Իլիայի համալսարանից ԹՊՀ ուղղությամբ։