«Ո՛չ կեղծված ընտրություններին». ակադեմիական համայնքի երթը Թբիլիսիում

Վրաստանի ակադեմիական հանրությունը և երիտասարդները Թբիլիսիում նոր ընտրությունների պահանջով բողոքի ցույց են անցկացնում: Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:

Հերթական բողոքի ցույցն ընթանում է Իլիայի պետական ​​համալսարանի առաջին մասնաշենքի մոտ։ Ուսանողներն ու դասախոսները հավաքվել են բարձրագույն ուսումնական հաստատության մոտ:

Իլիայի համալսարանի մոտ հավաքվածներն այժմ երթով շարժվում են դեպի Թբիլիսիի պետական համալսարան, որտեղից էլ միանալու են ժամը 21:00-ին խորհրդարանի մոտ նախատեսվող ցույցին: Նրանք վանկարկում են՝ «Ո՛չ կեղծված ընտրություններին»:

Ակադեմիական հանրությունը երիտասարդների հետ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից նոր ընտրություններ է պահանջում, բացի այդ՝ լիարժեք ազատություն տալ կրթական հաստատություններին, անօրինական կալանքից ազատ արձակել Մելիքիշվիլիի պողոտայից բերման ենթարկվածներին:

Նշենք, որ այսօր Թբիլիսիում նաև կանանց բողոքի ցույց է անցկացվել:

«Մենք կմնանք, դու՝ գնա». կանանց երթը Թբիլիսիում