Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը Ալիք մեդիայի հետ զրույցում անդրադարձել է օրեր առաջ Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավորների կողմից՝ հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարության ստորագրությունները հետ վերցնելու թեմային: Հիշեցնենք, որ Ախալքալաքի շրջանային ժողովի (սակրեբուլո) արտահերթ նիստը, որում պետք է քննարկվեր հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը, քվորումի բացակայության պաճառով չկայացավ, քանի որ հայտարարության տակ ստորագրած 13 պատգամավորներից 3-ը հետ վերցրին ստորագրությունները: Սամվել Պետրոսյանը գտնում է, որ այս քայլի համար պատգամավորները լուրջ պատճառ են ունեցել, միաժամանակ խորհուրդ է տալիս հենց նրանցից ճշտել՝ ինչ է իրականում տեղի ունեցել.
«Կարծում եմ՝ նրանց վրա ազդել են առանձին ուժեր, և այդ տղաները դժվարության առաջ են կանգնել, արդյունքում հետ են վերցրել իրենց ստորագրությունները: Ես ճանաչում եմ այդ պատգամավորներին, նրանք բոլորն էլ հայրենասեր, իրենց ազգին նվիրված տղաներ են: Ցավալի է, որ այսպես եղավ»:
Սամվել Պետրոսյանը, ով իր պատգամավորության տարիներին Վրաստանի խորհրդարանում ապրիլի 24-ին ընդառաջ մշտապես հանդես է եկել ցեղասպանության ընդունման կոչով, ասում է, որ երբեք ոչ մի ճնշման ուշադրություն չի դարձրել. «Ոչ մեկ չէր կարող որևէ ճնշման փորձ անել, քանի որ բոլորն էլ գիտեին, որ ինչ էլ ասեր, ես պետք է անեի այդ հայտարարությունը»:
Նախկին պատգամավորը չորս անգամ հասցրել է ցեղասպանության ճանաչման կոչով հանդես գալ խորհրդարանում, ասում է, որ 20 երկրի ղեկավարներին է ուղարկել իր հայտարարությունը՝ ճանաչման և դատապարտման կոչով: Հայտարարությունն ուղարկվել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին:
Սամվել Պետրոսյանը վստահ է, որ կգա ժամանակ, երբ ոչ միայն Ախալքալաքի և Նինիծմինդայի շրջանային խորհուրդները կընդունեն ցեղասպանության ճանաչման հայտարարություն, այլև Վրաստանը կճանաչի, և կգա ժամանակ, երբ Թուրքիան ևս կընդունի հաձոց ցեղասպանության անժխտելի իրողությունը: Ասում է՝ լավատեսության համար հիմք է այն, որ իր պատգամավորության տարիներին հայտարարությունը հնչեցնելուց հետո իրեն մոտենում էին վրաց գործընկերներն ու ասում, որ նրանք հայերի կողքին են կանգնած և ցավում են.
«Վստահ եմ, որ պետությունը ևս այսօր այդպես է մտածում, իրենք չեն ժխտում, որ ցեղասպանություն եղել է, բայց պաշտոնապես չեն կարող ընդունել զուտ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ունեցած ռազմավարական շահերի պատճառով, սակայն հոգու խորքում Վրաստան պետությունը պատրաստ է ճանաչել ցեղասպանությունը»:
Հիշեցնենք՝ Սամվել Պետրոսյանը պատգամավոր էր առաջադրվել Միացյալ ազգային շարժում կուսակցության կողմից, սակայն նախկին կոմունիստը Խորհրդային միության փլուզումից հետո ոչ մի կուսակցության անդամ չի եղել մեկ պատճառով՝ իրեն հարազատ չեն կուսակցություններից և ոչ մեկի քաղաքական պլատֆորմը, քանի որ դրանք չունեն ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտապության քաղաքականություն: