Վրաստանցի հայ գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցին հուղարկավորեցին Հայ գրողների ու հասարակական գործիչների Խոջիվանքի Պանթեոնում: Հուղարկավորությունից առաջ Թբիլիսիի սուրբ Էջմիածին եկեղեցում Թբիլիսիի համայնքի ներկայացուցիչները վերջին անգամ հրաժեշտ տվին շատերի համար սիրելի նկարչին:
Նոյեմբերի 20-ին, 60 տարեկան հասակում մահացել է թբիլիսահայ գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցը:
Թենգիզ Միկոյանցի վիճակը վերջին շրջանում կտրուկ վատացել էր, որին հաջորդել է նկարչի մահը:
Միկոյանցը 1987 թվականին ավարտել է Մոսե Թոիձեի անվան գեղարվեստի քոլեջը, 1996 թվականին՝ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան։
Թենգիզ Միկոյանցի աշխատանքները գտնվում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Հունաստանի, Չեխիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում:
Միկոյանցը 1998 թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների տարբեր երկրներում։