Արեգնազ Մկրտչանը` «Ջավախքի ձայնը» նախագծում մասնակցության և ապագա ծրագրերի մասին

26-ամյա Արեգնազ Մկրտչյանը Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղից է։ Մասնակցելով «Ջավախքի ձայնը» երաժշտական  նախագծին` նոյեմբերի 8-ին կայացած գալա-համերգին գրավել է երկրորդ հորիզոնականը։ 

Արեգնազ Մկրտչյանն իր երաժշտական ուղին սկսել է 10 տարեկանից` հաղթելով «Ջավախքի գարուն» մրցույթ-փառատոնում, որը դարձել է նրա երաժշտական գործունեության սկիզբը։ Արեգնազն սկզբում սովորել է Նինոծմինդայի երաժշտական դպրոցում, այնուհետև՝ Երևանի երգի պետական թատրոնում և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժող-երգեցողություն բաժնում։

 Մասնակցելով  բազմաթիվ մրցույթների, փառատոնների և  նախագծերի, դրանց շարքում` «Ջավախքի ձայնը» և «Ազգային երգիչ»-ը ,արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի և շնորհակալագրերի։

Ջավախքի մշակութային և երաժշտական միջավայրը մեծ ազդեցություն է ունեցել նրա ստեղծագործական ուղու վրա։ Սակայն Արեգնազը նաև մեծ ցանկություն ուներ, որ Ջավախքում ևս տեղի ունենան այնպիսի երաժշտական նախագծեր, որոնք մեծ քաղաքներում են կազմակերպվում։ Տեղեկանալով, որ առաջիկայում Ջավախքում կմեկնարկի «Ջավախքի ձայնը» երաժշտական նախագիծը` նա մի քանի օր ուսումնասիրել է նախագծի մանրամասները և որոշել է մասնակցել։ Նախագծի առաջին փուլում նա ներկայացել է Աշուղ Ռազմիկի «Յար արի» և Հայաստան մայրիկի «Արշալույսը նոր էր բացվել» ստեղծագործություններով, իսկ երկրորդ փուլում ներկայացրել է Աշուղ Աշոտի «Հով գիշեր, զով գիշեր» երգը։

 Հաղթահարելով նախագծի բոլոր փուլերը` Արեգնազը հասել է գալա-համերգի փուլին, որի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին գալա-համերգից մոտ մեկ ամիս առաջ։ Արեգնազը մեծապես կարևորում է այն աջակցությունը, որը ստացել է ճանաչված և սիրված  երգիչ Մավր Մկրտչյանից։ Նա պատմեց, որ Մավր Մկրտչյանի հետ համատեղ աշխատանքը եղել է նրա երաժշտական կյանքի կարևոր փուլերից մեկը։ Փորձերը երբեմն դժվարությամբ էին ընթանում, քանի որ երգի կատարման առումով բարդություններ կային, բայց  Մավր Մկրտչյանի պրոֆեսիոնալ մոտեցումը և ոգեշնչող խորհուրդները մեծապես նպաստել են նրա բեմական ելույթի կատարելագործմանը։ Արեգնազը նաև հիշեց Մավր Մկրտչյանի հետ առաջին տեսազանգը, երբ երգչից լսեց  գովեստի խոսքեր և խորհուրդները, որոնք նրան շատ ոգևորեցին։

«Ջավախքի ձայնը» նախագծի գալա-համերգը, որն ընթացավ Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, Արեգնազի համար դարձավ իր երաժշտական կարիերայի նոր էջ։ Նա հնարավորություն ունեցավ հանդես գալու Հայաստանի ազգային նվագարարների պետական նվագախմբի հետ։ Դա Արեգնազի  համար ոչ միայն մեծ պատիվ էր, այլև՝ երաժշտության աշխարհում նոր հորիզոններ բացելու հնարավորություն։

Արեգնազը կատարեց Սայաթ-Նովայի «Աշխարհումս ախ չիմ քաշի» ստեղծագործությունը, որը համարվում է հայկական ժողովրդական երաժշտության ամենաբարդ ստեղծագործություններից մեկը։ Նրա կատարումը արժանացավ մեծ խրախուսանքի ոչ միայն ժյուրիի անդամների՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, օպերային երգիչ Ալեքսանդր Թամազովի, դաշնակահար, կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Կարեն Անանյանի, երգչուհի, Սայաթ-Նովա երաժշտական կենտրոնի  դասախոս Շուշանիկ Հովհաննիսյանի, ծագումով ջավախքցի, երգիչ Արմեն Մկոյանի, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Հովհաննես Մութաֆյանի, երգիչ Վարդան Բադալյանի և լրագրող, դիզայներ Գայանե Մանուկյանի, այլև՝ հանդիսատեսի կողմից։ Ի վերջո, նա գրավեց երկրորդ հորիզոնականը։

«Ի սկզբանե մտադրություն չեմ ունեցել մրցակցելու որևէ մասնակցի հետ, սա ինձ համար մրցույթ չէր, ուղղակի առիթ էր ևս մեկ երազանքս իրականացնելու, և այդ երազանքն էր՝ կենդանի կատարմամբ հանդես գալ Հայաստանի ազգային նվագարարների պետական նվագախմբի հետ, ի դեմս՝ դիրիժոր Նորայր Դավթյանի։ Կարծում եմ, պատվով հաղթահարեցի։ Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին՝ ցանկանալով նորանոր հաղթանակներ և ձեռքբերումներ։ Առանձնահատուկ շնորհավորում եմ հաղթող մասնակցիներին»,- ասաց Արեգնազը

Գալա-համերգից ստացած իր տպավորությունների մասին Արեգնազն ասաց․

«Գալա-համերգը նախատեսվածից շատ ավելի լավ անցավ, բոլոր մասնակիցներս շատ լավ ներկայացանք և բարձր պահեցինք Ջավախքի պատիվը։ Հանդիսատեսի գերակշիռ մասը ջավախքցի էր, և բոլորը մեծ ոգևորությամբ լսում և վայելում էին ցանկացած արտիստի կատարում»,- պատմեց Արեգնազը։

Համերգային ծրագիրը իրենց կատարումներով էլ ավելի գեղեցկացրին սիրված երգիչ Մավր Մկրտչյանը և հատուկ հյուր Թամար Օդիշելիձեն։

Նախագիծն Արեգնազին տվել է նոր ընկերներ, նոր գործընկերներ, պրոֆեսիոնալիզմ և աշխատելու հնարավորություն կայացած մասնագետ-երաժիշտների հետ։ Նա ընդգծեց, որ նախագիծը շատ մեծ ազդեցություն է ունեցել իր երաժշտական կարիերայի առաջընթացի առումով։

Արեգնազը զրույցի ընթացքում իր ապագա ծրագրերի մասին էլ խոսեց։ Ասաց, որ շատ ծրագրեր ունի, բայց այս պահին փակագծեր բացել չի կարող։

Այն բոլոր երիտասարդներին, որ ընտրել են երաժշտական ասպարեզը, Արեգնազը խորհուրդ տվեց սիրել և գնահատել իրենց ընտրած ճանապարհը․

«Երբեք չկասկածեք ձեր ուժի և տաղանդի վրա. եթե դուք տաղանդավոր եք, ինքնավստահ և աշխատասեր, ապա կարող եք ամեն ինչի հասնել։ Սիրեք, գնահատեք ինքներդ ձեզ և ձեր ընտրած ճանապարհը և ամենակարևորը՝ կրթվեք ճիշտ մասնագետների մոտ»,- եզրափակեց Արեգնազը։

Նշենք, որ նախագիծն  իրակացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Մավր Մկրտչյանի հետ համատեղ։ Նախագծին աջակցում են Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Ախալքալաքի ու Նինոծմինդայի քաղաքապետարանները։

Հեղինակ՝ Լուսինե Նուրջանյան