Պայքարը դժվարին էր, պատասխանատվությունն ու հպարտությունը` մեծ. այսպես մեկնաբանեցին Փոքր Գոնդուրայի թիմի անդամներն իրենց հաղթանակը։
Վրաստանում արդեն մի քանի ամիս է, ինչ ընթանում էին սիրողական ֆուտբոլի մրցումներ։ Այս մրցումներին ակտիվորեն մասնակցել են նաև Նինոծմինդայի սիրողական ֆուտբոլի թիմերը։ Երկարաժամկետ պայքարի արդյունքում Փոքր Գոնդուրայի թիմը զբաղեցրել է պատվավոր առաջին հորիզոնականը։
Արտավազդ Հովսեփյանը, որը խմբի լավագույն պաշտպաններից է, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց, որ պայքարել են շրջանի ութ տարբեր թիմերի հետ ու, ոչ մի պարտություն չգրանցելով` հասել են եզրափակիչ։ Եզրափակչում խաղացել են Սպասովկայի հետ, խաղն ավարտվել է ոչ-ոքի, այնուհետև 11 մետրանոց հետխաղից հետո Փոքր Գոնդուրայի թիմը դարձել է չեմպիոն։
Թիմը պայքարել է տարբեր շրջանների թիմերի դեմ և, չորս հաղթանակից հետո, 11 մետրանոց հետխաղի արդյունքում պարտվել է Ադիգենի Ճեճելա թիմին ու Փոքր Գոնդուրայի թիմը դարձել է Սամցխե-Ջավախեթիի փոխչեմպիոն։
Գրիշա Տոներյանը թիմի կիսապաշտպանն է և հարցին, թե իր համար ինչ է ֆուտբոլը, պատասխանեց․
«Այս խոսքերս կհասկանան մենակ ֆուտբոլի սիրահարները ու հաստատ իրենք էլ հակառակ կարծիք չեն ունենա` կհամաձայնեն ինձ հետ, որ ֆուտբոլը մեզ համար միայն խաղ չէ, մենք առնվազն 90 րոպե մոռանում ենք մեր բոլոր գործերը, խնդիրները և ուղղակիորեն հաճույք ենք ստանում խաղից»։
Գրիշան ասաց, որ որոշ խնդիրների պատճառով, վերջին մի քանի խաղին ներկա չի եղել, բայց վստահ էր, որ թիմն ունի այնպիսի հուսալի երիտասարդներ, որոնք հաղթանակներ կապահովեին թիմին։ Նա նաև նշեց, որ գյուղացիների ուշադրությունը թիմի նկատմամբ նույնպես չի նվազել, նրանք նաև ցուցաբերել են դրամական աջակցություն, ու թիմն այդ գումարով ձեռք է բերել անհրաժեշտ պարագաներ` մրցումներին մասնակցելու համար։
Այս ողջ մրցաշրջանի ընթացքում ակնհայտորեն նկատվել է թիմի համախմբվածությունը, դրա մասին խոսեց թիմի հարձակվող Լեռնիկ Խոտերյանը։ Մրցաշրջանի սկսվելուն պես նա եկել էր արտերկրից, որ մասնակցեր խաղերին։
«Մենք ունենք համախմբված թիմ, որը գալիս է մեր գյուղից ու մեր մեծերից, նրանցից ստացած դաստիարակությունը օգնում է մեզ լինել միշտ համախմբված ու թիկունք՝ թիկունքի։ Թիմի հաղթանակը հենց գալիս է նրանից, որ մենք հաշվի ենք առնում միմյանց կարծիքները, ու դրա արդյունքում ունենք այն, ինչ ունենք», — ասաց Լեռնիկը։
Տղաների խոսքով, պատասխանատվությունը նրանց միջև հավասարաչափ է բաշխված, ու բոլորն ունեն իրենց կարևոր տեղն ու դերը։
Իշխան Խոտերյանը թիմի դարպասապահն է. նա ջանք ու եռանդ չի խնայել հաղթանակի համար։
«Ես դարպասապահ եմ, ու ինչպես բոլորը, այդպես էլ՝ ես, ունեմ իմ կարևոր ու որոշիչ դերը թիմում։ Խաղերի ժամանակ ոչինչ չեմ խնայել թիմի հաղթանակին նպաստելու համար, ու ստացվեց։ Հուսամ կհամաձայնեք, որ Սամցխե-Ջավախեթիի փոխչեմպիոն լինելը քիչ բան չէ,-ասաց Իշխանը։
Տեղեկացնենք, որ Իշխանը, բացառությամբ մի խաղի, մնացած բոլոր խաղերի ժամանակ ինքն իր վրա է վերցրել դարպասապահի պատասխանատու ու պարտավորեցնող դերը։
Տղաները նաև խոսեցին թիմի առաջնորդ Թաթուլ Խոտերյանի մասին` ասելով, որ նրա դերը թիմի համար շատ կարևոր է, ու այն արդյունքը, համախմբվածությունն ու պատասխանատվության զգացողությունը, որը գրանցվել է, թիմի առաջնորդի շնորհիվ է։
«Ինչպես ասում են՝ առաջնորդությունը ո՛չ պաշտոն է, ո՛չ էլ՝ կոչում, դա գործողություն է, որին հետևում էր Թաթուլը ու թիմին հասցրեց արդյունքի», — ասացին տղաները։
Տեղեկացնենք, որ այս թիմը նոյեմբերի 10-ին Սամցխե-Ջավախեթիի փոխչեմպիոնի կարգավիճակով մասնակցել է Թբիլիսիում տեղի ունեցած սիրողական լիգայում ու պայքարել SEU ֆուտբոլային թիմի դեմ։ Թիմը պարտվել է, բայց տղաներն ամեն դեպքում գոհ են իրենց արդյունքից` ընդգծելով, որ գյուղում նույնիսկ խաղադաշտ չունեն, և այդ խաղը նրանց համար մեծ հնարավորություն ու փորձ էր` ապագայում էլ ավելի մեծ հաջողությունների հասնելու համար։