«Վրացական երազանքը» կեղծել է ընտրությունները. ՀԿ-ներ

Վրաստանյան 23 քաղաքացիական հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել և նշել, որ հոկտեմբերի 26-ի ընտրություններն անցկացվել են ահաբեկման, հարկադրանքի, տոտալ վերահսկողության, քվեարկության գաղտնիության զանգվածային խախտման, բռնության և ընտրակաշառքի հանցավոր սխեմայով: Նրանց պնդմամբ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կեղծել է ընտրությունները։

Ըստ կազմակերպությունների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած արդյունքները չեն արտահայտում քաղաքացիների կամքը. «Դա ընտրություն չէր, որովհետև գաղտնի, ազատ և արդար չէր»:

Հայտարարության մեջ ՀԿ-ները խոսում են այն մասին, թե ինչ է արվել մինչ այժմ և ինչ պետք է արվի ապագայում, որպեսզի երկիրը հասնի նոր ընտրությունների։ Նրանց համոզմամբ՝ խորհրդարանի ոչ լեգիտիմության պայմաններում ընդդիմադիր կուսակցության ոչ մի անդամ չպետք է մտնի օրենսդիր մարմին։

ՀԿ-ները նշել են՝ այս իրավիճակում, հասկանալի է, որ հասարակությունից շատերը հավանաբար՝ հիսաթափվել են, բայց պետք է իմանալ, թե ինչի են հասել ՀԿ-ները մինչ այժմ.

  • Դիտորդական առաքելությունները և քաղաքացիական դիտորդները կարողացել են ապացույցներ ձեռք բերել: Մենք դիմել ենք ընտրական վարչություններին և դատարաններին և շարունակելու ենք իրավական պայքարը։ Այս գործընթացում հերթական անգամ ներկայացվեց ընտրական վարչակազմի և դատական ​​իշխանությունների իրական դեմքը։ Հենց այն փաստը, որ բողոքներից ոչ մեկը չի բավարարվել, լրացուցիչ հարցականներ է ավելացնում այս ընտրությունների օրինականությանը։
  • Եթե ​​չլիներ ընտրությունների օրը քաղաքացիների մոբիլիզացիան և բարձր ակտիվությունը, ովքեր իրենց աշխատանքը, սոցիալական օգնությունն ու անվտանգությունը կորցնելու վտանգի տակ քվեարկեցին Վրաստանի եվրոպական ապագայի օգտին, իշխանությունը կկեղծեր ավելի շատ ձայներ և «կֆորմալացներ» հայտարարված սահմանադրական մեծամասնությունը։ Ուստի մեր ակտիվությունն ու մասնակցությունը ընտրություններին մեծ նշանակություն ունեցավ:
  • Ամենակարևորը՝ Վրաստանում ռուսամետ ուժերը չհաղթեցին։ Սա լավագույնս հասկանում է «Վրացական երազանքը»: Չնայած աննախադեպ ապատեղեկատվությանը, ճնշումներին ու վերահսկողությանը, բնակչության մի ստվար հատված ընտրեց Վրաստանի եվրոպական ուղին և հրաժարվեց Վրաստանն ինտեգրել Ռուսաստանին։
  • «Վրացական երազանքը» չի կարողանում լեգիտիմացնել անցկացված ընտրությունների արդյունքները ոչ իր միջազգային գործընկերների, ոչ էլ սեփական քաղաքացիների աչքում։ Այս ամենը քաղաքացիական դիտարկման և լրատվամիջոցների կողմից ձեռք բերված ապացույցների շնորհիվ։ «Վրացական երազանքը» չկարողացավ անգամ «հաղթանակ» տոնել:
  • Ժողովրդավար աշխարհը չշնորհավորեց «Վրացական երազանքին» հաղթանակի կապակցությամբ: Նրանք չեն ճանաչում ընտրությունները որպես ազատ և արդար:
    Ընտրություններից հետո հասարակության մեջ սկսվեցին համակարգման գործընթացներ տարբեր խմբերի միջև։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդհանուր պահանջի, մասնավորապես՝ նոր ազատ ընտրություններ նշանակելու շուրջ։

ՀԿ-ները նաև նշել են՝ ինչ պետք է անել, մասնավորապես.

  1. Մեր բոլորի նպատակն է հասնել նոր, արդար և ազատ ընտրությունների։ Այս նպատակի շուրջ համաձայնությունը կարևոր է հասարակության բոլոր խմբերի միջև:
  2. Իշխանության մեջ գտնվող «Վրացական երազանքը» չպետք է լեգիտիմություն ստանա երկրի ներսում: Սրա համար պետք է չհամաձայնվել գողացված ընտրությունների արդյունքների հետ, այսպես կոչված՝ իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվել՝ բոլոր ձևաչափերով:
  3. Պետք է լինի հանցավոր ճանապարհով իշխանություն ստացած քաղաքական ուժի միջազգային մեկուսացում: Դրա համար պետք է շարունակել միջազգային չճանաչվածությունը պահպանելու և ամրապնդելու աշխատանքները:
  4. Դիտորդ կազմակերպություններն իրենց պատրաստակամությունն են հայտնում ընտրախախտումների վերաբերյալ փաստաթղթավորված ապացույցներ տրամադրել Եվրամիության «տեխնիկական առաքելությանը», հանդիպել վկաների հետ։
  5. Միջազգային հանրության համար կարևոր է տեղեկացնել այն անձանց ինքնությունը, ովքեր կատարել են Բիձինա Իվանիշվիլիի ապօրինի հրամանները՝ կապված ընտրությունների գողանալու հետ։ Միջազգային հանրությունը պետք է կոնկրետ որոշումներ կայացնի այն անձանց դեմ, ովքեր օգնել են Իվանիշվիլիին կեղծել ընտրությունները և իրականացնել կեղծիքների սխեմաներ։
  6. Անհրաժեշտ է համակարգել ընդդիմադիր ուժերի գործողությունները և միասնական խնդրանք հաղորդել ընտրությունները ոչ լեգիտիմ ճանաչելու և նոր նտրություններ անցկացնել ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային գործընկերների հետ։
  7. Ընդդիմադիր կուսակցությունները, որոնք չեն ճանաչում ընտրությունների օրինականությունը, չպետք է մասնակցեն խորհրդարանի աշխատանքներին: Ընդդիմադիր ոչ մի անդամ չպետք է մտնի խորհրդարան:
  8. Կարևոր է համակարգել Վրաստանի նախագահի հետ: Նախագահը բազմիցս ասել է, որ շարունակելու է օգտագործել իր շփումները միջազգային ճնշումներն ու պահանջները մեծացնելու համար։ Մենք ողջունում ենք նոյեմբերի 18-ին Նախագահի կողմից իրադարձությունների զարգացման իր տեսլականի ներկայացումը։
  9. Անհրաժեշտ է հասարակության ակտիվությունն ու մոբիլիզացումը: Զանգվածային խաղաղ մոբիլիզացիան և բողոքի պահանջները պետք է ուղղված լինեն նոր ընտրություններին:

ՀԿ-ները համատեղ հայտարարությամբ քաղաքացիներին կոչ են անում վերադարձնել իրենց սահմանադրական իրավունքը և բողոքի ակցիաները։