Եվրամիության (ԵՄ) «տեխնիկական առաքելությունը», որն ուսումնասիրելու է հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների խախտումները, Վրաստան կժամանի առաջիկա շաբաթներին: Վրաստանում հասարակության շրջանում մեծ է հետաքրքրությունը կապված առաքելության անելիքների վերաբերյալ:
Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գծով խոսնակ Պիտեր Ստանոն ասել էր, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը զեկույց է ներկայացնելու ԵՄ անդամ երկրներին, ըստ որի գնահատվելու է, թե «ինչպես են արձագանքել ընտրախախտումների վերաբերյալ բողոքներին»։
Իշխող «Վրացական երազանք»-ից հակասական են արձագանքները ԵՄ «տեխնիկական առաքելության» ժամանման վերաբերյալ: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել էր, որ Վրաստանի կառավարությունը կհամագործակցի միջազգային առաքելության հետ։ Իշխող կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն ավելի քննադատական վերաբերմունք ուներ ԵՄ նախաձեռնության վերաբերյալ. «Ո՞ւմ հետ ենք մենք աշխատելու: Ինչի՞ վրա ենք մենք աշխատելու։ Նախ եկեք պարզենք, թե ինչ է տեխնիկական առաքելությունը: Ո՞վ է գալիս»։
Վրաստան «տեխնիկական առաքելություն» ուղարկելու մասին մինչ այդ` նոյեմբերի 18-ին խոսել է նաև ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ավարտից հետո Բորելն ասել է, որ հատուկ ստեղծված առաքելությունը տեղում հետաքննելու է, թե ինչ է տեղի ունեցել Վրաստանում կայացած ընտրություններում.
«Տեխնիկական առաքելության նպատակն է վերլուծել, թե ինչ է կատարվում այս վիճահարույց ընտրությունների հետ կապված։ Նախագահն ինքը դա կասկածելի համարեց. հասկանալի է, որ ընտրությունների արդյունքը մեծ մտահոգություն է առաջացրել Եվրոպայում՝ ընտրական գործընթածների վրա ազդեցություն գործելու պատճառով։ Պետք է տեղում ուսումնասիրենք իրավիճակը։ Սա է տեխնիկական առաքելության էությունը։ Հրավիրված է դիտորդական առաքելության ղեկավարը։ Ոչ ոք չի կարող ավելի լավ նկարագրել, թե ինչ է տեղի ունեցել տեղում, և դրա համար մենք ունենք այս միջոցները»,- ասում է Ջոզեպ Բորելը։
«Խորհրդարանական ընտրությունների անցկացման ձևը հաստատեց ներկայիս կառավարության ժողովրդավարական հետընթացը», — նոյեմբերի 18-ին ասել է ԵՄ գլխավոր դիվանագետը:
«Ալիք Մեդիայի» հետ զրույցում Վրաստանի նախկին օմբուդսմեն Ուչա Նանուշաշվիլին պարզաբանում է, որ ԵՄ առաքելության գնահատականը այս իրավիճակում շատ կարևոր է.
«Տեխնիկական առաքելության նպատակն է ուսումնասիրել հոկտեմբերի 26-ի ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումները, դիտարկել դիտորդների կողմից պատրաստված բողոքները, տեղում ծանոթանալ իրավիճակին՝ գնահատելու հոկտեմբերի 26-ին տեղի ունեցածը, արդյոք իսկապես եղել են խախտումներ և ինչ չափով։
Քաղաքացիական հասարակության և ընդդիմության բողոքը հիմնավոր է. առաքելության գնահատականը շատ կարևոր է այս դեպքում, քանի որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է, և երկրում այս հարցի շուրջ երկխոսություն չկա», — նշում է Նանուաշվիլին:
Հատկանշական է՝ որ Պիտեր Ստանոն նշել էր. «Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, առաքելության մասին լրացուցիչ մանրամասներ կհայտարարվեն համապատասխան ժամանակահատվածում»:
Ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Ուժեղ Վրաստան» կուսակցության ներկայացուցիչ Անա Դոլիձեն ԵՄ առաքելության Վրաստան ժամանումը մեծ հաղթանակ է համարել.
«Տեխնիկական առաքելությունը միջազգային հետաքննություն է, գրեթե այնպիսին, ինչպիսին միջազգային դատարանների դեպքում է: Տեխնիկական կոչում են հավանաբար այն պատճառով, որ նրանց առաջնային նպատակը ապացույցներ հավաքելն է», — ասել է Դոլիձեն Formula.ge-ի հետ զրույցում:
Նշենք նաև, որ առայժմ Հունգարիան ԵՄ անդամ միակ երկիրն է, որը հրապարակայնորեն շնորհավորել է իշխող կուսակցությանը՝ «Վրացական երազանք»-ին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Սլովակիան նույնպես ճանաչում է հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները։
Եվրամիության անդամ երկրներից ոմանք այս փուլում ձեռնպահ են մնում դրանից։
«Լիտվան չի համարում Վրաստանում անցկացված ընտրությունները ազատ և արդար», — նոյեմբերի 18-ին ԵՄ արտգործնախարների նիստից առաջ ասել էր Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։
Լիտվան նաև կոչ է անում «անկախ միջազգային հետաքննություն» անցկացնել Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Լանդսբերգիսի խոսքով, խոսուն կլինի, եթե «Վրացական երազանքը» հրաժարվի դրանից։
Ինչ վերաբերում է հոկտեմբերի 26-ի արդյունքներին, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալներով՝ «Վրացական երազանքը» 11-րդ գումարման խորհրդարանում կունենա 150 մանդատներից 89-ը, իսկ ընդդիմադիր չորս կոալիցիաները՝ ընդհանուր 61 մանդատ.
- «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 19 մանդատ;
- «Միասնություն-Ազգային շարժում»՝ 16 մանդատ;
- «Ուժեղ Վրաստան»՝ 14 մանդատ;
- «Գախարիան Վրաստանի համար»՝ 12 մանդատ.
Միջազգային հանրությունը Թբիլիսիին կոչ է անում օբյեկտիվ հետաքննություն անցկացնել ընտրությունների վիճելի արդյունքների վերաբերյալ՝ ստուգելու կեղծիքների հետ կապված «լուրջ կասկածները»։