Վրաստանի չլեգիտիմացված նորընտիր խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 25-ին, ժամը 12:00-ին, հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:
Նոյեմբերի 22-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցում Պապուաշվիլին պարզաբանել է, թե ինչ ընթացակարգեր են իրականացվելու առաջին օրը:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) արդեն պատրաստել է խորհրդարանի ընտրված անդամների ժամանակավոր մանդատները։ Սա պետք է բոլոր անդամները վերցնեն ԿԸՀ-ից»,- ասել է խորհրդարանի նախագահը։
Նրա խոսքով, նոյեմբերի 25-ին, առավոտյան ժամը 11-ից կսկսվի նիստին ներկա խորհրդարանի անդամների գրավոր գրանցումը. «Ժամը 11:00-ից նիստերի դահլիճում կսկսվի նորընտիր անդամների ընդունումը՝ ըստ ցուցակի, իսկ ժամը 12:00-ին՝ նիստը, որը կնախագահի խորհրդարանի ավագ անդամ Լադո Կախաձեն»։ Խորհրդարանի նոյեմբերի 25-ի օրակարգը, ըստ Պապուաշվիլիի, կլինի հետևյալը.
- ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի զեկույցը ընտրությունների արդյունքների վերաբերյալ,
- ԿԸՀ նախագահի զեկույցից հետո՝ խորհրդարանի/պատգամավորների լիազորությունների ճանաչում,
- ընդմիջում, որի ընթացքում կձևավորվեն խմբակցությունները,
- ընդմիջումից հետո՝ խորհրդարանի նախագահի և փոխնախագահի թեկնածուների առաջադրում ու ընտրություն,
- ևս մեկ ընդմիջում, որի ընթացքում կձևավորվեն հանձնաժողովները,
- վերսկսված նիստում հանձնաժողովների նախագահի ընտրություն:
Մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն նոյեմբերի 21-ին հայտարարել է, որ խորհրդարանի նախագահի պաշտոնում կառաջադրվի Շալվա Պապուաշվիլին:
Պապուաշվիլիի խոսքով՝ խորհրդարանի առաջին նստաշրջանի օրակարգը հետևյալն է.
- երկրի նոր նախագահի ընտրության ամսաթվի նշանակում. օրը պետք է նշանակի խորհրդարանը,
- նոր կառավարությանը վստահության հայտնում և կառավարության ծրագրի հաստատում:
«Մինչև հաջորդ շաբաթվա վերջ մենք կունենանք լիարժեք գործող խորհրդարան և կառավարություն»,- ասել է Պապուաշվիլին։
ԿԸՀ-ն նոյեմբերի 16-ին ամփոփել է հոկտեմբերի 26-ի ընտրությունները: «Վրացական երազանքը» ստացել է ձայների գրեթե 54 տոկոսը, ինչը նշանակում է 89 պատգամավոր խորհրդարանում։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունները, չեն ճանաչում ընտրությունների արդյունքները:
Ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով Սահմանադրական դատարան երկու հայց է ներկայացվել։ Մեկը նախաձեռնել է Վրաստանի նախագահը, իսկ մյուսը՝ խորհրդարանի 30 պատգամավոր։
Սահմանադրագետների խոսքով, քանի դեռ սահմանադրական խնդիր կա, խորհրդարանը չի կարող ճանաչել սեփական իշխանությունը․ ըստ կանոնակարգի՝ իրավասություն չունի։
Միջազգային հանրությունը Թբիլիսիին կոչ է անում օբյեկտիվ հետաքննություն անցկացնել ընտրությունների վիճելի արդյունքների վերաբերյալ՝ ստուգելու համար կեղծիքների հետ կապված «լուրջ կասկածները»։
ԵՄ-ն ընտրությունների արդյունքները ուսումնասիրելու համար «տեխնիկական առաքելություն» կուղարկի Թբիլիսի, որը, ըստ հանձնաժողովի՝ Թբիլիսիում կլինի առաջակա շաբաթներին:
Ինչ մեխանիզմներ կան խորհրդարանի նիստը ձախողելու համար. փորձագետներ