Խազարաձեն Գախարիային հանդիպում է առաջարկում

Վրաստանյան ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Մամուկա Խազարաձեն հանդիպում և քննարկում է առաջարկում նախկին վարչապետ,  այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիայի թիմին։

Խազարաձեի պնդմամբ՝ այժմ բոլոր չորս ընդդիմադիրները պետք է միասին կանգնեն և պայմանավորվեն ռազմավարության շուրջ, այլապես կկորցնեն երկիրը։

Ըստ նրա՝ այս հարցում ոչ մի երկիմաստություն լինել չի կարող, քանի որ եթե այսօր ինչ-որ մեկը մտնի խորհրդարան, դա կնշանակի՝ «առաջիկա 4 տարիներին մենք պետք է նայենք Իվանիշվիլիի գողացված ձայներին ու երկրին»։

«Մենք չենք պատրաստվում նույն շենքում նստել քվեների գողերի հետ»,- ասել է Խազարաձեն:

Նշենք, որ խորհրդարան անցած բոլոր չորս ընդդիմադիրներն էլ հայտարարել են՝ չեն ճանաչում «գողացված և կեղծված» ընտրությունները, չեն լեգիտիմացնի «Վրացական երազանք»-ի խորհրդարանը: 

Հիշեցնենք. խորհրդարնական ընտրություններից առաջ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ՝ Գախարիային և Խզարաձեին առաջարկվում էր միանալ և միասնական ճակատով մասնակցել ընտրություններին: Մի քանի անգամ Խազարաձե-Գախարիա առանձնազրույց, ինչպես նաև նախագահական նստավայրում հանդիպումներ անցկացվեցին. կողմերը, սակայն, համաձայնության չեկան: