Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի թիմը` «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը խորհրդարան մտնելու մտադրություն չունի:
Գախարիան TV Pirveli հեռուստաընկերությանը տված հարցազրույցում լրագրողի հարցին՝ արդյոք ստացել են Բիձինա Իվանիշվիլիից խորհրդարան մտնելու գործարքի առաջարկ, ի պատասխան նշել է.
«Նմանատիպ առաջարկ չկա և չի կարող լինել, քանի որ նրանք (իշխող ուժը) շատ լավ գիտեն, թե ինչ պատասխան կստանան»։
Նախկին վարչապետը չի բացառում, որ իշխող թիմը փորձում է առանձին անհատների հետ աշխատել՝ համաձայնություն ստանալու խորհրդարան մուտք գործելու։ Միաժամանակ վստահեցրել է, թե դա իր կուսակցության հետ ոչ մի դեպքում տեղի չի ունենա։
«Անշուշտ ես հավատում եմ, որ փորձեր են արվում կաշառել, վախեցնել՝ խորհրդարան մտնելու։ Միգուցե ինչ-որ բանի հասնեն, բայց դա համակարգային չի լինի։ Դա ոչինչ նշանակի․ իրենք ավելի լավ գիտեն, թե ինչպես են այդ տոկոսները գրվել։ Այդ սուտը խոսում է այն մասին, որ հետդարձի ճանապարհ չկա»,- ասել է Գախարիան։
Նշենք, որ նոյեմբերի 16-ին ԿԸՀ-ն հաստատել է ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը. խորհրդարանական ընտրություններն ամփոփված են։
Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները ճանաչում է միայն իշխող կուսակցությունը։ ԿԸՀ-ի ներկայացրած արդյունքներով՝ 11-րդ գումարման խորհրդարանում «Վրացական երազանք»-ն ստացել է 150 մանդատից 89-ը, մինչդեռ չորս ընդդիմադիրները ունեն ընդհանուր 61 մանդատ։ Ընդդիմությունը պնդում է` ընտրությունները կեղծվել են։
Ընտրական վարչությունը և դատարանը չեն բավարարել հասարակական սեկտորի ներկայացրած բողոքների մեծ մասը։
Միջազգային հանրությունը Թբիլիսիին կոչ է արել օբյեկտիվ հետաքննություն անցկացնել ընտրությունների վիճելի արդյունքների վերաբերյալ՝ ստուգելու համար կեղծիքների հետ կապված «լուրջ կասկածները»։