Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Կայա Կալասին Եվրամիության բարձր ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել Ժոզեպ Բորելին՝ Վրաստանին մատուցած ծառայության և անսասան աջակցության համար։
«Աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում ոգեշնչող է մեկ այլ կին առաջնորդի` Վրաստանի սիրելի բարեկամի և մեր եվրոպական ուղու ջատագովի, Եվրոպական միության նոր բարձր ներկայացուցչի նշանակումը։ Շնորհավորում եմ Կայա Կալասին նոր տեսլականի և ուժեղ ղեկավարությամբ բարդ միջազգային լանդշաֆտում նավարկությանն օգնելու համար:
Շատ շնորհակալ եմ, հարգելի Ժոզեպ Բորել, ձեր ակնառու ծառայության, հավատարմության և ուժի համար: Վրաստանը բարձր է գնահատում ձեր անսասան աջակցությունն իր եվրոպական ապագայի և ձգտումների նկատմամբ»,- X-ում գրել է նախագահ Զուրաբիշվիլին։
Նոյեմբերի 12-ին Եվրախորհրդարանում մինչ ԵՄ բարձր ներկայացուցչի նշանակումը, մինչ պատգամավորների հարցերը, նիստի սկզբում բացման խոսքով հանդես է եկել Կալասը։ Նա ընդգծել է Ուկրաինայի հաղթանակի անհրաժեշտությունը՝ միաժամանակ ուշադրություն հրավիրելով ԵՄ ընդլայնման կարևորության վրա, նշելով, որ մինչև 2029 թվականը ԵՄ կողմից շոշափելի արդյունքներ պետք է լինեն դաշինքի ընդլայնման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Եվրամիության անդամության ավելացումը «աշխարհառազմավարական ներդրում է»։ Կալասը նաև նշել է, որ Եվրամիության սահմանների ընդլայնումը բխում է բուն դաշինքի շահերից։