Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ Վրաստանի հայ համայնքի կողմից իրականացվում են մի շարք միջոցառումներ: Ապրիլի 23-ին Թբիլիսիի Վիրահայոց թեմին կից գործող «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում տեղի ունեցավ Իվ Տերնոնի «Հայեր, մի ցեղասպանության պատմություն» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը:
1977 թվականին ֆրանսերենով լույս տեսած գիրքը ռուսերեն է թարգմանել Ալեքսանդր Քալանթարովը: Մեզ հետ զրույցում` հիշելով գրքի բովանադակությունը, նա մեծ դժվարությամբ պահեց արցունքները.
«Երբ երեխաներին տեղավորում են նավում, բաց ծովում խեղում, կամ հավաքում մի սենյակում ու գազով խեղդամահ անում… նման բան անողներին մարդ դժվար է կոչել: 2015-ին ես տեղեկացա այս գրքի գոյության մասին, ֆրանսիացի ծանոթներիս խնդրեցի փոստով ուղարկել այն, պարզվեց, որ փոստում չեն ընդունել: Չեմ կարողանում հասկանալ, մի՞ թե ֆրանսիացիները վախենում են մուսուլմաններից: Ինչևէ, գիրքը հասավ ինձ և շատ կարևոր է, որ այն գոյություն ունի նաև ռուսերեն լեզվով»:
Գրքի ռուսերեն թարգմանության խմբագիր, թբիլիսահայ պատմաբան Ենոք Թադևոսյանը գրքի արժեքի մասին խոսեց.
« Գրքի բարձր արժեքը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն հիմնված է արխիվային փաստաթղթերի վրա, որոնք պահպանվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Գերմանիայում, իհարկե նաև Թուրքիայում: Ամեն մի նախադասություն հղված է կոնկրետ աղբյուրի վրա: Սա մի ինքնատիպ հանրագիտարան է ցեղասպանության մասին, որտեղ մանրամասն ներկայացված է, թե որտեղ, քանի մարդ և ինչպես են սպանվել: Որքանով մենք տեղյակ ենք, հեղինակը գիրքը գրել է իր ողջ կյանքի ընթացքում»,- ասաց Ենոք Թադևուսյանը: