Թբիլիսիում ցույցն ավարտվել է. ընդդիմությունը նոր ծրագիր կառաջարկի

Վրաստանում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջով շարունակվող բողոքի ցույցերի կազմակերպիչները որոշել են ժամանակավորապես ցրվել և նոր ծրագիր մշակել։

Ընդդիմության առաջնորդների կայացրած որոշումն այսօր՝ նոյեմբերի 20-ին, ժամը 08:00-ի սահմաններում Մելիքիշվիլիի պողոտայում հավաքվածներին ներկայացրել է «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Զուրաբ Ջափարիձեն:

«Մենք պետք է ինչ-որ կերպ վերածրագրենք, մտածենք այլ արդունավետ քայլերի մասին», — ասել է Ջափարիձեն:

Ջափարիձեի խոսքով, կառավարությունը փոխել է իր ռազմավարությունը, չի խոչընդոտում Մելիքիշվիլիի պողոտայի արգելափակմանը, «այս ակիցան իշխանությունների համար խոչընդոտ չհանդիսացավ։ Այժմ պետք է հանգստանալ, օրվա ընթացքում նոր ծրագիր մշակել, հավանաբար՝ վաղվա համար»:

  • Բողոքի ցույցերի մասնակիցները, որ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները համարում են կեղծված և պահանջում են նոր ընտրություններ, նոյեմբերի 19-ի երեկոյան վերադարձել են Ճավճավաձեի պողոտա՝ Թբիլիսիի պետական ​​համալսարանի առաջին մասնաշենքի հարևանությամբ, որտեղից ոստիկանները բռնի ուժի կիրառմամբ նրանց տեղափոխել են Մելիքիշվիլիի պողոտա առավոտյան ժամը 7-ի դրությամբ։
  • Նոյեմբերի 19-ի առավոտյան ոստիկանները ապամոնտաժել էին նոյեմբերի 17-ից համալսարանի մոտ տեղադրված վրանները և բացեցին ցուցարարների կողմից փակված ճանապարհը։
  • Այսօր՝ նոյեմբերի 20-ին, առավոտյան ժամը 6-ին ոստիկանությունը համալսարանի մոտ վերադարձած ցույցի մասնակիցներին Ճավճավաձեի պողոտայից բռնի ուժով հետ է տեղափոխել Մելիքիշվիլիի պողոտա։

Նոյեմբերի 19-ին Մելիքիշվիլիի պողոտայում հանրահավաքի մասնակիցների և ոստիկանների միջև բախում էր տեղի ունեցել։ Հանրահավաքի 16 մասնակից բերման էր ենթարկվել։ Նրանք մեղադրվում են վարչական իրավախախտման մեջ՝ մանր խուլիգանություն և ոստիկանի օրինական պահանջին չենթարկվել։ Մեծ թվով ձերբակալվածներ ոստիկաններին մեղադրում են բռնության մեջ։