Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև անցկացվող արդեն ավանդական դարձած Ջահերով երթը և ապրիլի 24-ին անցկացվող բողոքի ակցիան, չնայած Թբիլիսիի քաղաքապետարանի նախազգուշացմանը, կկայանա: Այս մասին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում տեղեկացրեց միջոցառումները նախաձեռնող «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանը:
«Քաղաքապետարանը նպատակահարմար չի գտնում ապրիլի 24-ին ակցիա կազմակերպել քաղաքի կենտրոնական փողոցներում՝ ավտոճանապարհային տեղաշարժը խաթարելու տեսանկյունից»,- նշեց Սամվել Մկրտչյանը՝ հավելելով, որ ամեն տարի անցկացվող ակցիաները տրանսպորտի համար երբեք չեն առաջացրել խնդիրներ:
«Վրաստանի հայ համայնքի» դիմումին ի պատասխան՝ Թբիլիսիի քաղաքապետարանի նամակում ասվում է. «Ակցիայի և մանիֆեստի համար ընտրված տվյալ վայրը քաղաքի կենտրոնական փողոցներից մեկն է, որտեղ հասարակական տրանսպորտից օգտվում են բազմաթիվ քաղաքացիներ: Նման վայրերում ակցիա կազմակերպելն անցանկալի է»։
Մինչ այդ, «Վրաստանի հայ համայնքը» հայտարարություն էր տարածել՝ նշելով. «Հասարակության հետաքրքրության աճին ի տես՝ անհրաժեշտ ենք համարում հայտարարել, որ հայ ժողովրդի 1915-23թթ․ Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված՝ Վրաստանի հայ համայնքի կողմից կազմակերպված բոլոր ավանդական միջոցառումները (ապրիլի 23-ի և 24-ի ցույցերը Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ) կկայանան»։
Հիշեցնելով, որ խոսքի և հավաքների ազատությունը երկրի յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է, կազամակերպությունը հայտարարությունում մեջբերում է նաև Վրաստանի Սահմանադրության 25-րդ կետով սահմանված նորմերը․
«Բոլորը, բացի ներքին գործերի նախարարության կամ պաշտպանության նախարարության կազմում ընդգրկված անձանցից, իրավունք ունեն առանց նախնական զգուշացման հավաքվել հրապարակայնորեն և անզեն, ինչպես փակ տարածությունում, այնպես էլ ցանկացած այլ վայրում»։
Հիշեցնենք՝ «Վրաստանի հայ համայնք»-ը Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի խաղաղ ակցիա է անցկացնում ավելի քան 10 տարի։ 2016թ․-ին, սակայն, որոշում ընդունվեց այն անցկացնել Հավլաբարում՝ հաշվի առնելով Վրաստանի իշխանությունների մտահոգությունը, դիրքորոշումը և հորդորը, սպասվելիք սադրանքներից զերծ մնալու մասին։