Նախագահն ընտրությունների արդյունքները բողոքարկել է ՍԴ-ում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայցը Սահմանադրական դատարան է ներկայացրել նախագահի ներկայացուցիչ Էկա Բեսելիան։ Հայցը վերաբերում է սահմանադրական երկու սկզբունքների՝ քվեարկության գաղտնիության և քվեարկության համընդհանուրության խախտմանը։

Ըստ Էկա Բեսելիայի՝ նախագահը կփորձի պաշտպանել քաղաքացիների սահմանադրական իրավունքները՝ Սահմանադրական դատարան բողոքարկելով նշված սկզբունքների խախտումը։

«Այս հայցը շատ կարևոր է` չնայած այն հանգամանքին, որ, ցավոք, չկա վստահություն Սահմանադրական դատարանի նկատմամբ, բայց կիրառվում են բոլոր իրավական ճանապարհները՝ պաշտպանելու համար քաղաքացու սահմանադրական իրավունքները:

Հուսով եմ, դատարանը չի երկարաձգի որոշման ժամկետը և արագ կնշանակի այն, քանի որ երկրում քաղաքական ճգնաժամ է, և այդ ճգնաժամից ազատվելու համար շատ կարևոր է այս հայցը քննարկել ժամանակին և արդարացիորեն»,- ասել է նախագահը:

Հիշեցնենք. նախագահը Սահմանադրական դատարան հայց ներկայացնելու որոշման մասին հայտարարել է երեկ՝ նոյեմբերի 18-ին։ Զուրաբիշվիլիի խոսքով՝ խախտվել են սահմանադրությամբ և միջազգային իրավունքի սկզբունքներով երաշխավորված հիմնական իրավունքները։