Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով խորհրդարան անցած չորս կուսակցությունները՝ «Կոալիցիան փոփոխությունների համար»-ը, «Հզոր Վրաստան»-ը, «Միացյալ ազգային շարժում»-ը և «Գախարիան Վրաստանի համար»-ը համատեղ նամակով դիմում են ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին և ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին։
Համատեղ նամակում նրանք խոսում են երկրում տիրող քաղաքական իրավիճակի մասին՝ նշելով, որ հոկտեմբերի 26-ի ընտրությունները «անհաղթահարելի խոչընդոտ են ստեղծել Վրաստանի եվրոպական ապագայի համար»։
Նամակում նշվում է, որ չորս ընդդիմադիր կուսակցությունները միասին հոկտեմբերի 26-ի ընտրություններում ստացել են 52 տոկոս՝ վկայակոչելով Edison Research և HarrisX հետազոտական կազմակերպությունների անցկացրած exit poll-ի արդյունքները:
Ընդդիմադիր կուսակցությունները ԵՄ անդամ երկրներին խնդրում են ձեռնարկել հետևյալ քայլերը.
- Նախաձեռնել 2024 թվականի ընտրությունների համապարփակ միջազգային գնահատում ԵՄ Հետընտրական առաքելության (EFM) միջոցով, որը կաշխատի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ՝ համակարգելով ընտրակեղծիքների հետաքննություն անցկացնելու և ընտրական ինստիտուտների ամբողջականությունը ուսումնասիրելու համար:
- Կոչ անել Վրաստանի կառավարությանը հոկտեմբերի 26-ին չգումարել խորհրդարանի նիստ մինչ միջազգային գնահատականի հրապարակումը։ Հստակ հայտարարել, որ խորհրդարանը լեգիտիմություն չունի։
- Հստակ դիրքորոշում, որ Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը կասեցված է՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները գողանալու պատճառով:
- Ներկայիս կառավարության հետ ԵՄ մակարդակով բոլոր պաշտոնական հաղորդակցությունների կասեցում, ներառյալ՝ ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի նիստերի չեղարկում, բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կասեցում, տեխնիկական համագործակցության մեխանիզմների կասեցում:
- Վրաստանի կառավարությանը (տարեկան մոտավորապես 120 մլն եվրո) ֆինանսական աջակցության կասեցում՝ մինչև հետաքննության արդյունքների ավարտը։
«Մեր վերջնական պահանջը պարզ է՝ 2025 թվականին նոր ընտրությունների անցկացում բարելավված ընտրական միջավայրում՝ քաղաքականապես հավասարակշռված ընտրական վարչակազմով և քաղաքականապես չեզոք պետական ինստիտուտներով»,- ասված է նամակում։
Հիշեցնենք, այսօր Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը Բրյուսելում քննարկել է Վրաստանում տիրող իրավիճակը՝ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ֆոնին: