ԵՄ-ն կաջակցի Վրաստանի քաղհասարակությանը

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելն առաջարկում է Վրաստանի կառավարությանը տրամադրվող 100 միլիոն եվրոյի օգնությունը վերահղել քաղաքացիական հասարակությանը։

Այս մասին նոյեմբերի 18-ին Բորելը հայտարարել է Բրյուսելում կայացած Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի նիստից առաջ։

«Ես առաջարկում եմ (խորհրդին) դադարեցնել Վրաստանի կառավարության ծրագրերի մի զգալի մասին հատկացվող օգնությունը. 100 միլիոն եվրոն սառեցվի, կառավարության փոխարեն ուղղվի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։ Մենք այս գումարը կտանք քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ աջակցելու արդար ընտրությունների համար պայքարին։ Եվրամիությունը կշարունակի աջակցել Վրաստանին: Անդամակցության գործընթացը կասեցված է այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանի կառավարությունը չի վերադառնում եվրաինտեգրման ճանապարհ»,- ասել է Բորելը։

Նա նաև ընդգծել է ընտրախախտումների հետաքննության անհրաժեշտությունը։

«Կատարվածը պետք է ամբողջությամբ գնահատվի։ Պետք է լինի օբյեկտիվ հետաքննություն և պատասխանատվություն»,- հավելել է նա։

Հիշեցնենք, այսօր Բրյուսելում տեղի է ունեցել Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։ Նստաշրջանի օրակարգում են եղել Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ, Վրաստանը, ԱՄՆ-ԵՄ հարաբերությունները և Մերձավոր Արևելքի երկրներում ստեղծված իրավիճակը։ Այս պահին Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը կասեցված է, Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել անդամակցության բանակցությունները։