Վրաստանի ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը առաջարկում է սահմանադրության փոփոխության հարցով հանրաքվե անցկացնել:
Քաղաքացիների քվեարկությանը պետք է դրվի երկու հիմնական հարց, որոնցից մեկը վերաբերում է նախագահի, մյուսը՝ խորհդարանական ընտրության կարգին:
«Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Բաքրաձեն հայտարարել է, որ հետագա բախումներից խուսափելու համար, խոսքը պետք է տալ Վրաստանի ժողովրդին:
«Այս երկրում իշանության գլխավոր աղբյուրը ժողովուրդն է, ուստի ես խոստանում են ընդունել նրա որոշումը, ինչպիսին էլ դա լինի։ Դա եմ ակնկալում նաև մյուս ուժերից։ «Վրացական երազանքին» կոչ եմ անում ժողովրդին որոշում կայացնելու իրավուք տա»,-ասել է Բաքրաձեն:
Կուսակցության նախաձեռնությանը արձագանքել են մի շարք քաղաքական գործիչներ: Իշխող «Վրացական երազանք»-ի անդամ, խորհրդարանի փոխխոսնակ Գիորգի Վոլսկին սահմանադրական փոփոխությունների թեմայով հանրաքվե անցկացնելու կարիք չի տեսնում: Նրա խոսքով՝ թեմայի շուրջ առանց այդ էլ լայն քննարկումներ են սպասվում:
«Եվրոպական Վրաստան»-ի նախաձեռնությունը զավեշտ է համարել«Ժողովրդավարական շարժում» կուսակցության անդամ Գիորգի Ախվլեդիանին։
«Այս իրավիճակը, որում մենք այսօր գտնվում ենք, դա նրանք ( «Եվրոպական Վրաստան»-ի անդամները) են ստեղծել: Իրենց իշխանության տարիներին այս համակարգը ատամներով էին պաշտպանում: Այժմ իրենց անունը մաքրելու համար համակարգին հակառակ հանդես գալն ուղղակի զավեշտ է»,- Ախվլեդիանիի խոսքերն է փոխանցում «interpressnews.ge»-ն: